Մատչելիության հղումներ

ՏԿՏՏ նախարարության շենքի վաճառքի գումարի 70 տոկոսը կուղղվի պետական բյուջե, 30 տոկոսը՝ Երևանի բյուջե


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքի գումարի 70 տոկոսը կուղղվի պետական բյուջե, 30 տոկոսը՝ Երևանի բյուջե, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել է Պետական գույքի կառավարման վարչությունը։

Դեռևս խորհրդային ժամանակներում կառուցված, իսկ անկախ Հայաստանի կառավարության կողմից պատմամշակութային հուշարձան ճանաչված շենքը կառավարության որոշմամբ դրվել է աճուրդի: Գույքի արժեքը Կառավարությունը գնահատել է ավելի քան 13 միլիարդ դրամ՝ մոտ 28 միլիոն դոլար։ Աճուրդի դրված շենքի մակերեսը մոտ 8,000 քառակուսի մետր է, դրա հետ վաճառքի է դրվելու նաև 0,3 հեկտար մակերեսով հողատարածքը։

«Ազատության» հարցմանն ի պատասխան, Պետական գույքի կառավարման վարչությունը տեղեկացնում է նաև, որ հուշարձան համարվող գույքի օտարումը պայմանավորված է՝ «պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությամբ, մասնավորապես՝ հնարավորություն կընձեռվի մասնավորի կողմից շենքի հետագա շահագործման համար իրականացնել խոշոր ներդրումներ»։

Կառավարության որոշմամբ՝ սեփականատերը պարտավորվելու է պահպանել հուշարձանի արտաքին տեսքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG