Ալեքսանդր երկրորդ ցարի ծոռ Հանս Գեորգ Յուրևսկիի համոզմամբ, Ռուսաստանին այսօր ևս ուժեղ ձեռք է հարկավոր:
Նրա պապի հայրը՝ Ալեքսանդր առաջինը սպանվել է ահաբեկչական հարձակման արդյունքում: Ալեքսանդր երկրորդի գործունեությունից պատմաբանները հիշեցնում են, որ նա վերացրել է ճորտատիրական կարգը, որոշ բարեփոխումներ էր առաջ տանում, ծրագրում էր երկիրը տանել սահմանադրական միապետության ճանապարհով: Հանս Գեորգ Յուրևսկիի կարծիքով՝ ժամանակակից Ռուսաստանին մոտ է հենց սահմանադրական միապետության կարգը:
Նա գտնում է, որ Ռուսաստանին ուժեղ ձեռք է հարկավոր: «Ռուսաստանը միշտ այդպիսի առաջնորդի կարիքն ունի, ինչպես էլ այն կոչվի, այսօր դա Պուտինն է, ուժեղ, որոշակի, շատ ուժեղ և խարիզմատիկ, այն, ինչ պետք է երկրին», - «Ռոյթերզի» հետ զրույցում ասել է Ալեքսանդր երկրորդի ծոռը:
Հանս Գեորգ Յուրևսկին ցարական Ռոմանովների ուղիղ հետնորդներից է: Ռոմանովները Ռուսաստանը ղեկավարել են 300 տարի, 1917-ի հեղափոխությունը տապալեց նրանց, իսկ մեկ տարի անց վերջին միապետին՝ Նիկոլայ երկրորդին, նրա կնոջ ու ընտանիքի անդամներին գնդակահարեցին բոլշևիկները:
Յուրևսկիի ընտանիքի գիծը պահպանվել է Ալեքսանդր երկրորդի երկրորդ կնոջ ժառանգների միջոցով:
55-ամյա Հանս Գեորգ Յուրևսկին ծնվել և ապրում է Շվեյցարիայում, նա գործարար է, ռուսերեն գրեթե չի խոսում, Ռուսաստանը համարում է իր հայրենիքը, բայց Ռուսաստան տեղափոխվել չի ծրագրում: