Լրագրողներ առանց սահմանների (RSF) կազմակերպությունը օգոստոսի 29-ին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Վրաստանում առևանգված և Ադրբեջանում արդեն երեք ամիս կալանքի տակ գտնվող հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիին։
Կազմակերպությունը մեղադրել է Բաքվին Մուխթարլիի նման անկախ լրագրողներին հետապնդելու մեջ։ Նշվում է նաև, որ Բաքվի դատարանը երկարաձգել է նրա կալանքի ժամկետը մինչև հոկտեմբերի 21-ը։
«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչը Մուխթարլիի կալանավորումը խայտառակություն է որակել՝ թե՛ Վրաստանի, թե՛ Ադրբեջանի համար։
Հիշեցնենք՝ 2015 թվականից Վրաստանում ապաստանած Մուխթարլին, ով հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի հասցեին քննադատական, ինչպես նաև իշխող ընտանիքին պատկանող բիզնեսների մասին հետաքննական հոդվածներով, Թբիլիսիում առևանգվել է մայիսի 29-ին: Ավելի ուշ պարզվեց, որ նա ձերբակալվել է և գտնվում է Բաքվի բանտում՝ սահմանը ապօրինի խախտելու, մաքսանենգության, ոստիկանին չենթարկվելու մեղադրանքներով: Լրագրողի հարազատներն ու պաշտպանական կողմը տեղի ունեցածում մեղադրում են պաշտոնական Թբիլիսիին: Նշենք, որ Մուխթարլիի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է և դատարանն այն կքննի արտահերթ կարգով։