Մատչելիության հղումներ

Նախագահ Թրամփը կրկին բարձրաձայնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու իր ցանկությունը


«Դա վաղ թե ուշ կլինի», - երեկ ասել է Միացյալ Նահանգների նախագահը Ֆինլանդիայի նախագահի հետ Սպիտակ տանը կայացած համատեղ ասուլիսի ժամանակ՝ միաժամանակ խուսափելով Ռուսաստանի վերջին տարիների գործողությունները Եվրոպայում բնութագրել որպես սպառնալիք:

«Ես ասել եմ այդ մասին բարձրաձայն, հստակ, և տարիներ շարունակ: Ես կարծում եմ, որ լավ կլինի, եթե մենք շատ լավ, կամ առնվազն լավ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ: Դա շատ կարևոր է, և հուսով եմ, մի օր այդպես էլ կլինի: Ռուսաստանը մեծ տերություն է, միջուկային պետություն, երկիր, որի հետ մենք պետք է լեզու գտնենք»:

Հայտարարությունը հնչել է ամերիկյան մամուլում ի հայտ եկած նոր տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփին պատկանող ընկերությունը բիզնես բանակցություններ է վարել Ռուսաստանում: Նախօրեին, մասնավորապես, Washington Post-ը գրել էր, թե Թրամփի անշարժ գույքի գործակալությունը ցանկացել է Մոսկվայում Trump Tower կառուցել, շփումների մեջ է եղել Կրեմլի հետ, սակայն, ծրագիրը ձախողվել է անցած տարվա հունվարին՝ նախագահական ընտրություններից ամիսներ առաջ:

Այս հրապարակումից ժամեր անց, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, նախագահ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը բացատրություններ է ներկայացրել Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողով՝ մանրամասնելով, թե բանակցություններ, իսկապես եղել են 2015-16 թվականներին, ավելին՝ կողմերն ընդհանուր համաձայնության են հասել, սակայն հետագայում «ծրագիրը չեղարկվել է՝ բիզնեսին առնչվող տարատեսակ հանգամանքների բերումով»:

Կոնգրես ուղարկված երկու էջանոց հայտարարության մեջ Թրամփի փաստաբանը միաժամանակ ընդգծել է, թե Մոսկվայում երկնաքեր կառուցելու գործարքը որևէ կապ չի ունեցել Թրամփի նախընտրական քարոզարշավի հետ:

Քոենը, ով այդ տարիներին Թրամփի կազմակերպության գլխավոր խորհրդականն ու փոխնախագահն էր, կոնգրեսականներին ուղղված հայտարարության մեջ նաև բացահայտել է, որ ժամանակին ինքը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին՝ խնդրելով աջակցել այս ծրագիրն իրականացնելու հարցում: Նախագահ Թրամփի փաստաբանը պնդում է, թե Կրեմլ ուղարկված այդ նամակը մնացել է անարձագանք, և որ ինքը չի հիշում նաև որևէ այլ շփում Ռուսաստանի նախագահի կամ նրա խոսնակի հետ:

Ամերիկյան մամուլին, սակայն, առավել հետաքրքրում է նամակին առնչվող մեկ այլ մանրամասն: Թրամփի փաստաբանը խոստովանել է, որ Ռուսաստանի իշխանություններին նամակով գրելու խորհուրդն իրեն տվել է Խորհրդային Միությունում ծնված, վեց տարեկանում Նահանգներ տեղափոխված, այժմ խոշոր գործարար Ֆելիքս Սեյթերը, ով պնդում է, թե «անձնական լավ կապեր ունի Կրեմլում»:

Անշարժ գույքի բիզնեսով զբաղվող, «Թրամփ թաուերում» գրասենյակներ ունեցող 51-ամյա Սեյթերի անունը վաղուց է շոշափվում ամերիկյան մամուլում: Անցած ամիսներին լրատվամիջոցները մի շարք մանրամասներ էին հրապարակել ռուսական մաֆիայի հետ նրա կապերի, հանցավոր անցյալի ու դատական գործերի մասին: Այս շաբաթ էլ «Նյու Յորք թայմսը» նոր գույներ ավելացրեց պատկերին՝ պնդելով, թե Սեյթերը նախընտրական շրջանում նամակներ է ուղարկել Թրամփի փաստաբանին ու պարծեցել, թե կարող է ստանալ Պուտինի աջակցությունը, և կամ՝ «մեր տղան կարող է դառնալ Միացյալ Նահանգների նախագահ, մենք կարող ենք դա կազմակերպել»:

Հրապարակելով անձնական նամակների այս մանրամասները՝ «Նյու Յորք թայմսը» միաժամանակ հաղորդեց, որ առայժմ չկա որևէ փաստ, որը կապացուցեր, թե Սեյթերն ի վերջո հասել է իր նպատակին: Նախագահ Թրամփի փաստաբանը ևս հերքել է նրա միջամտությունը՝ պնդելով, թե գործարարը գերագնահատել է իր հնարավորությունները: Նախագահ Թրամփի փաստաբանը շարունակում է պնդել, որ Մոսկվայում շքեղ հյուրանոց ու գրասենյակներ կառուցելու ծրագիրը մեկն էր անհամար այն նախագծերից, որ Թրամփի ընկերությունը առաջ է տանում ողջ աշխարհով մեկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG