Մատչելիության հղումներ

Նախարարությունը հավաստիացնում է, որ հեմոդիալիզի ծառայությունը կմնա անվճար


Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյան

Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հիմոդիալիզը կշարունակի մնալ անվճար և կիրականացվի պետպատվերի շրջանակում՝ հերքելով լուրերը, թե «Աստղիկ» բժշկական կենտրոնում հիվանդներին տեղեկացրել էին, որ ծառայությունը դառնալու է վճարովի։ Ավելին՝ այստեղ տարակուսած են հիվանդանոցի նման հայտարարությունից։

Նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ Կառավարությունը վերջին նիստում հաստատեց և այս տարվա տնտեսումներից հեմոդիալիզի ծառայությանը լրացուցիչ 216 մլն 820 հազար դրամ հատկացրեց։ Գումարը, ըստ հաշվարկների, կբավարարի մինչև տարեվերջ։

«Ես չեմ ուզում մեկնաբանել որևէ բուժհաստատության ներքին կազմակերպչական գործունեությունը, բայց կարող եմ պնդել՝ որևէ հիմք, որևէ նախադրյալ չկա», - հավելեց նա:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը դեռ երեկ երեկոյան՝ մինչև նախարարության հաղորդագրությունը տարածելը, լրագրողներին հայտնել էր, որ Կառավարության հատկացումների մասին իրենց տեղեկացրել են երեկ, իսկ մինչև այդ պետպատվերի գումարներն իրոք սպառվել էին։ Տնօրենի հետ «Ազատությանը» խոսել չհաջողվեց, փոխարենը նրա հանձնարարականով զանգահարեց հիվանդանոցի գլխավոր հաշվապահ Սվետա Միրզոյանը, ով հաստատեց, որ իսկապես նախարարության գրությունը ստացել են երեկ։

Միրզոյանի տեղեկացմամբ՝ հարցն այժմ կարգավորվել է, իսկ հիվանդները մինչև այս պահը որևէ վճարում չեն կատարել։

«Ազատության» հարցին, թե բացառում է արդյոք, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում կարող էին սպառված լինել պետպատվերի գումարները, Դավիթ Մելիք-Նուբարյանն արձագանքեց․ - «Ես մեծապես ենթադրում եմ, որ ավարտված չէին կարող լինել այդ պահի դրույթամբ: Ավելի հաստատ չեմ հիշում, ուղղակի որովհետև ֆինանսական պատասխանատուն ես չեմ: Բայց քիչ հավանական է, որ այդ պահի դրությամբ ավարտված լինեին»:

Այն որ «Աստղիկում» իսկապես հայտարարել էին, թե դիալիզի ծառայությունը դառնալու է վճարովի, «Ազատության» հետ զրույցում հաստատեցին նաև Առողջապահության նախարարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա կազմակերպած հիվանդները։

Հայաստանում հեմոդիալիզ ստացող 850 հիվանդ կա: Այսօր բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիներն ասում են, որ իրենց մեծ մասն ունի հաշմանդամության կարգ և ապրում է սոցիալական ոչ-բարենպաստ պայմաններում։ Հետևաբար չեն կարող շաբաթը երեք անգամ ամեն դիալիզի համար վճարել 18 հազար 100 դրամ։

«Գլխավոր բժիշկը եկավ և ասաց, որ քանի որ չի փոխանցել գումարը նախարարությունը․․․ մինչև ամսի 1-ն ա փոխանցել սեպտեմբերի, հիվանդանոցը իր հաշվին մինչև ամսի 10-ը կարող ա անի դիալիզ, բայց ամսին 10-ից հետո էլ ի վիճակի չի: Ասեց, որ ով որ ցանկանում ա դիալիզ ընդունել, սրանից հետո ինքը պետք ա վճարի 18 հազար 100 դրամ», - ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Ռուբեն Մնացականյանը:

Հիվանդանոցի հայտարարությունը անակնկալի էր բերել քաղաքացիներին, որոնց մի մասը դիալիզ ստանալու համար մարզերից է Երևան հասնում։ Մնացականյանը փոխանցեց, որ պետությունը փոխհատուցում է միայն այդ 18.100 դրամ, իսկ դեղորայքը և մյուս անհրաժեշտ նյութերը ձեռք են բերում հենց հիվանդները․ - «Պարտադիր երկու կամ երեք ամիսը մեկ բոլոր հիվանդները պետք է արյուն ներարկվեն: Էդ արյունն առաջ արժեր 14 հազար դրամ 270 գրամը, հետո դառավ 15 հազար դրամ, հիմա արդեն 18 ա դառել: Աշխարհի բոլոր երկրներում դա անում ա հիվանդանոցը: Մեր մոտ հիվանդը ոնց կուզի՝ կուզի կառնի, կուզի չի առնի»:

Հիվանդների մի մասը, նախապես տեղեկանալով, որ նախարարությունը հերքել է տարածված լուրերը, այսօր չէր մասնակցում բողոքի ակցիային։

«Ազատության» հետ զրույցում նախարարության պաշտոնյան ասաց, որ Երևանում հեմոդիալիզի ծառայություն է մատուցում 5 կենտրոն, ուստի տարօրինակ է, որ նրանցից միայն մեկն է հայտարարել ծառայությունը վճարովի դարձնելու մասին․ - ««Աստղիկ» բժշկական կենտրոնից էլ որևէ զանգ, նախազգուշացում, որ նման բան է նախատեսվում, չի եղել»:

Դավիթ Մելիք-Նուբարյանը վստահեցրեց, որ 2018-ին նույնպես հեմոդիալիզի ծառայությունը կլինի անվճար։ Ինչ վերաբերում է հիվանդների մարզերից Երևան գալուն, ապա նրա խոսքով, ընդամենը 3 մարզում՝ Արարատում, Կոտայքում և Արագածոտնում է, որ չկա նման ծառայություն, սակայն հիվանդները իրենք են որոշում, թե որտեղ ստանալ դիալիզը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG