Մատչելիության հղումներ

Քաղաքացիները դժգոհում են, որ Երևանում ամենուր աղբահոտ է, աղբամաններն օրերով չեն դատարկվում, դատարկվելիս էլ աղբաջրերը հոսում են փողոց ու չեն մաքրվում:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած մեր «Ովքե՞ր են աղբահանությունից դժգոհ» մեր գրառմանն արձագանքած օգտատերերը մեկը մյուսին հերթ չտալով տեղադրեցին քաղաքի տարբեր հատվածներում իրենց արձանագրած լիքը աղբամանների ու կուտակված աղբակույտերի լուսանկարներ:

Դրանցից մի քանիսը տեղադրել էր ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, թե տպավորություն է, որ աղբահանություն իրականացնող միակ ընկերութունը՝ «Սանիթեքը», լճացել է:

Սիմոնյանի խոսքով՝ եթե այսպես շարունակվի, պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն․ - «Մենք պետք է մտածենք ևս մեկ օպերատորի հետ որևիցե համագործակցության մասին․․․ որ գոնե մրցակցություն լինի: Յուրաքանչյուր ոլորտ, որտեղ մրցակցություն չկա, այդ ոլորտը լճանում է»:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը, արձագանքելով մեր գրառմանը, տեղադրել էր բերնեբերան լցված աղբամաններով մի քանի լուսանկարներ ու գրել՝ «Օգնեք միասին մաքրենք Երևանը»:

Ըստ Խաչատրյանի, իրենք բազմիցս ահազանգել են քաղաքապետարան ու «Սանիթեք», բայց սայլը տեղից չի շարժվել: Նա ասաց, որ անգամ «թալանի վերածված» շաբաթօրյակներին են մասնակցել, բայց, միևնույն է, քաղաքն աղբից չի մաքրվում․ - «Պլանավորված թալան էր մեր բյուջեի: Ինչո՞ւ: Շաբաթօրյակի ծրագրում նշվում էր, որ բակային և բազմաթիվ այլ շրջանների, հատվածների մաքրություն է կատարվելու: Խնդրեմ, քայլեք ցանկացած վարչական շրջանի բակերով․ մի խայտառակ իրավիճակ է, այնտեղ բացարձակ ոչինչ չի մաքրվել: Եվ այդտեղ միայն գումարներ լվանալու հարց էր դրված»:

Քաղաքի կենտրոնում կուտակված աղբակույտը հեռացնելուն ուղղված Ալեն Սիմոնյանի զանգերն այդպես էլ անպատասխան են մնացել քաղաքապետարանի ու «Սանիթեքի» կողմից․ - «Եվ միայն Կենտրոնի թաղապետին գտնելով այդ հարցը լուծվում է: Եվ ամենազավեշտալի բանը այն է, որ այդ աղբը, պարզվում է, այդտեղ տեղադրում է փողոցի մաքրությունով զբաղվող կին, որը մաքրում է Կասկադի այդ հատվածը, աղբը տեղադրում է բանուկ մասում՝ ենթադրելով, որ «Սանիթեքի» մեքենան դա կտանի: Բնական է, «Սանիթեքի» մեքենան գալիս, ուղղակի կողքով անցնում է, որովհետև դա իրենց աղբամանների մեջ չէ»:

Արդեն 3 տարի Երևանում աղբահանությունն իրականացնող միակ ընկերությունը՝ «Սանիթեքը», ըստ գլխավոր տնօրենի, թեև տասնյակ միլիոն դոլարների ներդրումներ է արել, բայց դեռ կորուստներով է աշխատում: «Ազատության» եթերում Նիկոլաս Թավիլն ասաց, որ աղբահեռացնող մեքենաները հաճախ վնասվում են, իսկ աղբամանները հնդեհվում են, որովհետև ծխախոտն առանց հանգցնելու են նետում աղբամանը և այլն:

«Մեր աղբամաններում հայտնվել է շինարարական աղբ, որը այնուհետև հայտնվելով մեր մեքենաներում, վնասել է դրանք: Մեկ այլ խնդիր էլ կա․ մենք ունեցել ենք որոշակի խնդիրներ մեր աշխատակիցների հետ: Այդ խնդիրները լուծվում են: Մենք նաև որոշակի հարցեր ունեինք Երևանի քաղաքապետարանի հետ և աշխատում ենք այդ ուղղությամբ: Մենք տեսել ենք սխալներ, տեսել ենք, որ աղբի կուտակումներ են առաջացել: Մենք այժմ աշխատում ենք, և այդ իրավիճակը սկսել է կարգավորվել», - հավելել էր նա:

Արձագանքելով մամուլի այն հրապարակումներին, թե «Սանիթեքի» վատ աշխատանքը կապված է այն բանի հետ, որ ընկերությունն առաջիկայում պատրաստվում է լքել երկիրը՝ Նիկոլաս Թավիլն ասաց․ - «Ներդրումներ չենք արել, որ թողնենք հեռանանք»:

Նա ընդունում է, որ դժգոհության պատճառներ կան, բայց նշում է՝ սա բիզնես է ու դեռ կայացման փուլում է: Ասաց՝ եթե համապատասխան ֆինանսավորում ստանան, պատրաստ են նաև Հայաստանի այլ մարզերում էլ աղբահանությամբ զբաղվել:

Հարցին, թե արդյոք բարձրանալու է աղբահանության վճարը, Նիկոլաս Թավիլը պատասխանեց, թե դա իրենք չեն որոշում և հավելեց․ - «Երբ մենք պայմանագիր ենք ստորագրում, ընդունում ենք այդ պայմանագրի ֆինանսական մասը: Այլ կերպ ասած՝ մեզ համար կարևոր չէ, թե ինչպիսին է վճարը»:

Ավելի վաղ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչը «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ նոր աղբավայրերի կառուցման արդյունքում Հայաստանի ողջ տարածքում աղբահանության վարձը կարող է կրկնակի բարձրանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG