Բունդեսթագի ներկայացուցիչների այս հայտարարությունները հնչում են այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ թուրքական բանտում ևս մեկ ազգությամբ գերմանացի կա:
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, խոսքը 55-ամյա տղամարդու մասին է, ով ձերբակալվել է դեպի Երուսաղեմ ուխտագնացության ճանապարհին: Ըստ հրապարակումների՝ գերմանացի տղամարդը պահվում է էրզրումում ծայրահեղ ծանր պայմաններում:
Այս հաղորդագրությունները է՛լ ավելի են սրել առանց այդ էլ լարված թուրք-գերմանական հարաբերությունները:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը կոչ է արել անմիջապես դադարեցնել Թուրքիայի ֆինանսավորումն ու մաքսային միության արդիականացման շուրջ բանակցությունները:
Շուլցը, ով կանցլեր Անգելա Մերկելի հիմնական մրցակիցն է սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, անհրաժեշտ է համարում սառեցնել Թուրքիայի հետ բոլոր բանակցությունները այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը բանտերից ազատ չի արձակել Գերմանիայի քաղաքացիներին:
«Դեռ որքան պետք հետևենք, թե ինչպես է Էրդողանը մատների վրա մեզ խաղացնում: Դեռ որքան պետք է նայենք, թե ինչպես են Գերմանիայի անմեղ քաղաքացիները պահվում բռնակալի կողմից կառավարվող այդ երկրի բանտերում», - հայտարարել է Շուլցը:
Գերմանական կառավարության տվյալներով, թուրքական բանտերում ավելի քան հինգ տասնյակ Գերմանիայի քաղաքացիներ են պահվում, որոնցից տասը ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով: Նրանց թվում են հայտնի լրագրող Դենից Յուցելը և իրավապաշտպան Պիտեր Ստյուդները, որոնց Թուրքիան մեղադրում է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ:
Գերմանիայում Անկարայի նկատմամբ դիրքորոշումը կոշտացնելու կոչեր են հնչում ոչ միայն ընդդիմադիր, այլ նաև իշխանական ճամբարից:
Բավարիայի երկրամասի կառավարության ղեկավար Հորսթ Զեեխոֆերը պնդում է՝ Բեռլինը պետք է դադարեցնի առաջիկա տասը տարում 4,2 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագիրը, որը կոչված է օգնելու Թուրքիային նախապատրաստվելու Եվրամիության անդամակցությանը:
Պաշտոնական Բեռլինը չի բացառում Անկարայի հետ տնտեսական հարաբերությունների վերանայումը, սակայն, ինչպես հայտարարել է արտգործնախարար Զիգմար Գաբրիելը՝ ճիշտ չէր լինի Թուրքիայի և Եվրամիության միջև առկա բանակցությունների ամբողջական դադարեցումը, քանի որ, ըստ գերմանացի դիվանագետի, այդկերպ Էրդողանը միայն կուժեղացնի իր դիրքերը երկրի ներսում, որտեղ նա փորձում է բռնապետական կարգեր հաստատել:
Գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, միևնույն ժամանակ, շեշտել է, որ Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ, քանի դեռ այդ երկիրը ղեկավարում է Ռեջեփ էրդողանը:
ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից պետությունների հարաբերությունները սրվեցին անցած տարվանից, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: կրքերն էլ ավելի բորբոքվեցին Թուրքիայում անցած տարվա հեղափոխության փորձից հետո , երբ բեռլինը Անկարային մեղադրեց ընդդիմության դեմ ապօրինի հետապնդումներ իրականացնելու, խոսքի ազատությունը ճնշելու մեջ՝ քաղաքական ապաստան տրամադրելով Էրդողանի հարյուրավոր ընդդիմախոսների: