Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մեկնում է Հունգարիա՝ մասնակցելու ձյուդոյի աշխարհի առաջնության բացմանը, ինչպես նաև բանակցելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Պուտինը ձյուդոյի սև գոտի ունի, նա Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահն է, ձյուդոյի և սամբոյի գծով սպորտի վարպետ: Հարավկորեական «Յենին» համալսարանը նրան ձյուդոյի դոկտորի կոչում է տվել:
Պուտինը Բուդապեշտ այցելելու հրավերներ է ստացել ինչպես Հունգարիայի վարչապետից, այնպես էլ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահից: 2017-ի ընթացքում սա Պուտինի երկրորդ այցն է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիա, որը, ի տարբերություն եվրոպական շատ երկրների, ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ:
Նախատեսվում է, որ այցի ընթացում Դեբրեցենի համալսարանում Պուտինին «պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի՝ Հունգարիայի միակ ատոմակայանն արդիականացնելու գործում Ռուսաստանի մեծ ներդրման համար: Այդ համալսարանն ատոմակայանի նոր էներգաբլոկների համար մասնագետներ է պատրաստում: 2014 թվականին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած այցի ընթացքում 10 միլիարդ եվրո վարկի պայմանագիր էր ստորագվել՝ ընդլայնելու համար «Պակշի» ատոմակայանը, որը գտնվում է Բուդապեշտից 130 կիլոմետր հարավ:
Ակնկալվում է, որ այսօրվա այցով Պուտինը կփորձի էլ ավելի ամրապնդել Ռուսաստանի դաշնակից, միաժամանակ ԵՄ անդամ Հունգարիայի հետ հարաբերությունները: Հունգարիայի վարչապետը հաճախ է դրվատանքով խոսում Պուտինի մասին: Օրբանին և Պուտինին քննադատողները նշում են որ նրանք նույն սկզբունքներով են առաջնորդվում, մի շարք հարցերի հանդեպ նույն դիրքորոշումն ունեն, երկուսն էլ նույնատիպ գործողությունների են դիմում՝ ճնշելու քաղաքացիական իրավունքներն ու խոսքի ազատությունը:
Ռուսաստանի հետ Հունգարիայի մտերմությունն առաջացրել է Բրյուսելի և Հունգարիայի հարևանների մտահոգությունը: Վերջիններս մտահոգված են, որ այդ հարաբերությունները կարող են խարխլել Եվրամիության միասնականությունը Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հարցում:
28 անդամներից բաղկացած Եվրամիութունը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ՝ 2014-ին Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի արևելքում ծավալված հակամարտությունում ռուսամետ անջատականներին աջակցելու համար: Այդ բախումների ընթացքում արդեն ավելի քան 10 հազար մարդ է զոհվել:
Պուտինի՝ 2017-ի փետրվարին կայացած նախորդ այցի ժամանակ Հունգարիայի վարչապետը Եվրամիության հետ Ռուսաստանի հարաբերությունների «մոտ ապագայում կարգավորման» հույս էր հայտնել՝ բոլոր կողմերին կոչ անելով ընդլայնել համագործակցությունը: Օրբանը ասել էր, թե հակառուսական քաղաքականությունը «շատ մոդայիկ է դարձել» Արևմտյան Եվրոպայում, բայց ինքը վերաբերմունքի որոշ փոփոխություն է տեսնում:
Անցած փետրվարին հազարավոր հունգարացիներ Պուտինի այցի դեմ բողոքի ցույց էին արել, վարչապետ Վիկտոր Օրբանից պահանջելով, «վերջ տալ Հունգարիայի պուտինիզացմանը»: