Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը, նաև միջազգային կառույցները Բաքվից պահանջում են ազատել Մեհման Ալիևին


Մեհման Ալիև, «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար, արխիվ:
Մեհման Ալիև, «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար, արխիվ:

ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևի կալանավորումը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան:

Ադրբեջանի ընդդիմության պնդմամբ՝ Ալիևի կալանքը վկայում է երկրում ռեժիմն էլ ավելի խստացնելու՝ իշխանության մտադրության մասին: «Մեզ խիստ մտահոգել է Ադրբեջանի միակ անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևին օգոստոսի 24-ին ձերբակալելու և նրան եռամսյա նախնական կալանքի ենթարկելու՝ իշխանության որոշումը»,- անցած շաբաթ օրը հայտարարել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը:

Ամերիկայի արտաքին գերատեսչությունը մտահոգիչ է համարում նաև «Թուրան» գործակալության բանկային հաշվեհամարները սառեցնելու և հարկերից խուսափելու մեղադրանքով դատական հետապնդումներ սկսելու որոշումները:

Ըստ պետդեպարտամենտի, «Թուրանի» նկատմամբ պատժիչ գործողությունները վկայում են «ազատ մամուլը լռեցնելու՝ Բաքվի դիրքորոշման մասին, որի ապացույցներից մեկն էլ այս տարվա մայիսին «Ազատություն»-«Ազատ Եվրոպա» ռադիոկայանի և անկախ այլ լրատվամիջոցների արգելափակումն էր»:

ԱՄՆ պետական դեպարտամենտը Բաքվից պահանջում է կատարել միջազգային պարտավորություններն ու ԵԱՀԿ-ի պահանջները և «անհապաղ ազատ արձակել Ալիևին ու բոլոր նրանց, ովքեր բանտեր են նետվել իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու համար»:

Օգոստոսի 7-ին Ադրբեջանի հարկային նախարարությունը հարկերից խուսափելու և լիազորությունները չարաշահելու մեղադրանքով քրեական գործ է հարուցել «Թուրանի» նկատմամբ: Ըստ իշխանության, գործակալությունը 2014-16 թվականների ընթացքում չի վճարել 37 հազար մանաթ, ինչը հավասար է մոտ 21,5 հազար ամերիկյան դոլարի:

Օգոստոսի 8-ին Մեհման Ալիևն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել էր, որ իշխանությունը սառեցրել է գործակալության հաշվեհամարները: Նա ասել էր, թե հետապնդումների հիմքում բացառապես քաղաքական դրդապատճառներ են: «Թուրանը» գործում է 1990 թվականից, լրատվական նյութերը թողարկում է ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, համագործակցում է միջազգային առաջատար լրատվական գործակալությունների հետ:

«Թուրանը» մշտապես քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Գործակալության տնօրենի ձերբակալությունից հետո «Թուրանը» հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից դադարեցնելու է գործունեությունը, հույս հայտնելով, որ ապագայում այն գուցեև կվերակագնվի:

Ադրբեջանի ընդդիմությունը դատապարտել է Մեհման Ալիևի ձերբակալությունը: Անցած շաբաթ օրն ընդդիմադիրները հատուկ քննարկում են նախաձեռնել: «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդ, ներկայումս Ազգային ռազմավարական մտքի կենտրոնի ղեկավար Իսա Ղամբարը խոսել է գործակալության ղեկավարի ձերբակալության բուն պատճառի մասին:

«Մեհման Ալիևը և «Թուրանը» հաղորդել են երկրի խղճուկ վիճակի մասին և ապացուցել, որ դրա համար պատասխանատվությունն իշխանությունն է կրում, նրա ձերբակալությունը վկայում է ռեժիմը խստացնելու և անկախ տեղեկատվությունը խեղդելու՝ Ադրբեջանի իշխանության քաղաքականության մասին»,- ասել է Իսա Ղամբարը:

«Թուրանի» ղեկավարի ձերբակալությունը դատապարտել է ոչ միայն ԱՄՆ պետդեպը, այլև միջազգային մի շարք կառույցներ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը Բաքվին կոչ է արել հարգել ստանձնած պարտավորությունները և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ու ազատել Մեհման Ալիևին:

Նմանօրինակ կոչեր են հրապարակել ամերիկացի դեմոկրատական սենատոր Բեն Քարդինը, «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը և այլ կառույցեր: Օգոստոսի 26-ին Բաքվում ստեծվել է «Հանրային կոմիտե՝ հանուն Մեհման Ալիևի ազատության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG