Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայան․ «Խնդիր է դրված՝ պարոն Բաբայանին ձերբակալել, դատել»


Լեռային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարն մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսելով մեղադրական եզրակացությունը՝ հայտարարեց, թե առաջադրված մեղադրանքները՝ «Իգլա» զինատեսակի ձեռքբերում և փողերի լվացում, անհիմն են․ - «Ես չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել մի հանցագործության մեջ, որը ես չեմ կատարել: Այն, ինչ-որ ներկայացվում է, դա ենթադրությունների տեքստ է ստանդարտ։ Խնդիր է դրված, պարոն Բաբայանին ձերբակալել, դատել։ Դա հորինված, մտածված մեղադրանք է»:

Սամվել Բաբայանը, ըստ մեղադրանքի, 50 հազար դոլար է խոստացել այս գործով մեղադրյալ Սանասար Գաբրիելյանին՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռքբերելու համար: Գաբրիելյանն էլ Վրաստանում գործարար կապեր ունեցող Հրաչյա Մայիլյանի միջոցով գտել է զինատեսակը: Միայն թե մեղադրանքում ասվում է, որ պատվիրատու Սամվել Բաբայանին ցույց տալու համար «Իգլա»-ն լուսանկարվել է Արմավիրի գյուղերից մեկում, չի հստակցվում՝ արդյո՞ք այն ներկրվել է Վրաստանից:

Սամվել Բաբայանը դատարանում հենց այս հարցը տվեց․ - «Մեզ մեղադրում են, ասում են՝ դու Վրաստանից զենք ես տեղափոխել: Հեռուստատեսությունով մի շաբաթ էս ժողովրդին ներկայացնում են, հետո կանչում են էդ մասով, ասում են՝ նման բան չի եղել: Բա որտեղի՞ց ա եղել, ասում են՝ մեկը բերել ա հանձնել: Բա էդ մարդը ո՞ւր ա, էդ բերողը: Բերեք, ես էլ ճանաչեմ»:

Մեղադրող դատախազն այսօր հայտարարեց, որ Սամվել Բաբայանը կարգադրել է «Իգլա» համալիրը տեղավորել արկղում և թաքցնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում՝ հողի տակ, որպեսզի չվնասվի, չկորցնի պիտանելիությունը: Մեղադրականում, սակայն, չի նշվում, թե ինչ նպատակով, ում դեմ դեմ կիրառելու համար է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը ձեռք բերել զենքը:

Ըստ փողերի լվացման մեղադրանքի, Բաբայանը փորձել է հանցավոր ճանապարհով ստացված, հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ ձեռք բերել, քիմիական մաքրման և վերամշակման միջոցով դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնել:

Մեղադրյալի աթոռին հայտնված ղարաբաղցի գործիչը այս մասով ևս մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե պարտքն է ստացել՝ չիմանալով, որ 5 հազար եվրոն ապօրինի է ձեռք բերված:

Բաբայանի փաստաբանը միջնորդեց ազատ արձակել նրան՝ ստորագրությամբ չհեռանալու կամ գրավի դիմաց՝ հիմնավորելով․ - «Սամվել Բաբայանը մինչ այժմ ի՞նչ ոչ-պատշաճ վարքագիծ է դրսևորել, որ նրան պետք է անպայման կալանավորման մեջ պահել: Այս պահի դրությամբ, երբ դատավարության մասնակիցները՝ ամբաստանյալները, վկաները, բոլորը արդեն իրենց ցուցմունքները տվել են, կազմվել է մեղադրական եզրակացություն, Սամվել Բաբայանը գտնվում է անազատության մեջ, ո՞ւմ վրա պետք ա ազդի, ի՞նչ ձևով պետք ա խոչընդոտի»:

Դատավորը, սակայն, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց միջնորդությունը՝ որոշելով, որ դատավարության ժամանակ էլ Բաբայանը պետք է ճաղերի հետևում մնա:

Դատարանը միայն թույլ տվեց, որ Բաբայանն այսուհետև տեսակցի ընտանիքի անդամներին:

Սամվել Բաբայանը կալանավորվեց խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ, երբ ակտիվ աջակցում էր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ընդդիմադիր դաշինքին: Բաբայանի փաստաբանը, այդուհանդերձ, չնայած ընդդիմադիրների պնդումներին, ձեռնպահ մնաց քաղաքական որակել նրա հետապնդումը, նաև հրաժարվեց ասել, թե ինչ նկատի ուներ Բաբայանը ասելով, թե իրեն ազատազրկելու է խնդիր է դրված:

«Ես էդ հարցին չեմ կարող պատասխանել», - ասաց նա՝ շարունակելով: - «Բաբայանը և ես, որպես նրա պաշտպան, այժմ էլ զերծ ենք մնում նման գնահատականներ տալուց՝ դա քաղաքական միտում ունի՞, թե՞ոչ: Դա թող քաղաքագետները մեկնաբանեն՝ ելնելով գործի քննության ընթացքից և արդյունքներից»:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սամվել Բաբայանին սպառնում է երկուսից վեց տարվա ազատազրկում:

Դատավարությունը կշարունակվի մեկ շաբաթից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG