Մատչելիության հղումներ

Մոսկվայի նախաձեռնած կոալիցիային՝ Հայաստանի միանալը «շատ ռիսկային է»․ Քաղաքագետ


Ստեփան Գրիգորյանը «Ազատության» եթերում, 28-ը օգոստոսի, 2017 թ․
Ստեփան Գրիգորյանը «Ազատության» եթերում, 28-ը օգոստոսի, 2017 թ․

Հանգամանքը, որ Հայաստանի հետ կապված ինչ-որ նախաձեռնության մասին առաջինը տեղեկացնում են ռուսական աղբյուրները, ըստ Ստեփան Գիգորյանի, խոսում է այն մասին, որ Ռուսաստանն իր քայլերն անում է բացառապես ինքնուրույն, առանց հայկական կողմի կարծիքը հարցնելու՝ դրանով իսկ Երևանին գցելով «բավական բարդ վիճակի մեջ»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Սիրիայում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող կոալիցիային՝ Հայաստանի միանալն, «անշուշտ, ռիսկեր է պարունակում»: «Երբ դու կոալիցիայի մեջ ես Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների հետ, դրա փոխարեն ինչ-որ բան ստանում ես: Հենց Իրաքում և այլ տեղերում գործող միջազգային կոալիցիաներին միանալուց հետո էր, երբ իրենք սկսեցին ֆինանսավորել մեր բոլոր ծրագրերը, կապված խաղաղապահ ուժերի հետ: Սկսեցին Հայաստանին աջակցել միջազգային այլ հարցերում»,- ասաց քաղաքագետն ու շարունակեց:

«Ռուսաստանի հետ կոալիցիա կազմելով, ես չգիտեմ, թե ինչ եմ ստանալու, բայց ռիսկեր կան: Օրինակ՝ մենք «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների համար օֆիցիալ կդառնանք թիրախ: Մինչ այժմ նրանք ահաբեկչական գործուղություններ են արել այն երկներում, որոնք մասնակցել են հակաահաբեկչական կոալիցիաներում»: «Մենք պատրա՞ստ ենք հնարավոր ահաբեկչություններին, պատրա՞ստ ենք համապատասխան անվտանգություն ապահովել»,- հարցեր է հնչեցնում Ստեփան Գրիգորյանը:

Նրա կարծիքով, Ռուսաստանի նախաձեռնած այդ կոալիցիային միանալն այլ վտանգ էլ է պարունակում: «Մոսկվան դրանից հետո կարող է ավելի հեռուն գնալ և ենթադրենք՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում իր գործընկերնեին ստիպել, որ քննադատեն ՆԱՏՕ-ին»,- օրինակ է բերում Գրիգորյանը, ընդգծելով, որ դա Հայաստանի համար խիստ բացասական հետևանքներ կարող է ունենալ:

Հանգամանքը, որ Հայաստանի հետ կապված ինչ-որ իրադարձության կամ համատեղ նախաձեռնության մասին առաջինը տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, ըստ քաղաքագետ Ստեփան Գիգորյանի, խոսում է այն մասին, որ Ռուսաստանն իր քայլերն անում է բացառապես ինքնուրույն, առանց հայկական կողմի կարծիքը հարցնելու՝ դրանով իսկ Երևանին գցելով «բավական բարդ վիճակի մեջ»:

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում հետևյալ հանգամանքի վրա՝ Սիրիայում Մոսկվայի նախաձեռնած կոալիցիային՝ Հայաստանի միանալու մասին տեղեկացրել են միայն ռուսական աղբյուրները: «Այս պարագայում չի բացառվում, որ հայկական կողմը դրա մասին նույնիսկ տեղյակ էլ չի եղել»: Հիշեցնենք՝ Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի Գլխավոր շտաբի Անօդաչու թռչող սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել իրենց զորամիավորումներով մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային, որի նպատակն է լինելու Սիրիայում ականազերծման աշխատանքներ տանելը:

«Միգուցե Երևանը չմերժի այդ նախաձեռնությանը միանալու առաջարկը, միգուցե դա անգամ բխի մեր շահերից, բայց հարցն այն է, որ Մոսկվան շատ հաճախ հենց այդպես է վարվում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Վերջինիս կարծիքով, Ռուսաստանի այս նախաձեռնությունը պատժամիջոցներով պայմանավորված՝ միջազգային մեկուսացումից դուրս գալու Մոսկվայի փորձն է: «Մոսկվան փորձում է ցույց տալ, որ ինքն էլ կոալիցիա ունի, բայց դաշնակիցների շահերը հաշվի չի առնում, առաջ է ընկնում և անում է այնպիսի քայլեր, որ չպետք է աներ: Իմ կարծիքով՝ անկախ ամենի ինչից, հայկական կողմը Ռուսաստանի առջև պետք է դնի այդ հարցը՝ եթե հայտարարություն եք անում, մինչ այդ մեզ հետ խորհրդակցեք»,- ասաց քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG