Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինապահեստում պայթյունի պատճառով փակվել է Ռուսաստանի սահման տանող ճանապարհը


Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներին երեկ ժամեր շարունակ չէր հաջողվում մարել պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստներից մեկում բռնկված հրդեհը, որի հետևանքով առնվազն վեց մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։

Նախօրեին, հիշեցնենք, Ադրբեջանի արևելքում գտնվող Խըզըի շրջանի Գիլյազի բնակավայրում պայթյունից հետո հրդեհ է բռնկվել ռազմական գերատեսչության զինամթերքի ամենամեծ պահեստներից մեկում։

Ուժգին պայթյունի պատճառով, հաղորդվում է, որ փակվել է Բաքու-Գուբա մայրուղին, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ սահման։ Ըստ հրապարակված լուսանկարների՝ պահեստի շրջակա տարածքը թանձր ծուխ է պատել։

Միջադեպից ժամեր անց, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած պաշտոնական հայտարարությունների, հրշեջներին չէր հաջողվում մարել կրակը, մյուս կողմից էլ պայթյուններն էին շարունակվում՝ վնասելով հարակից բնակավայրերի տները։

Ականատեսները ադրբեջանական լրատվամիջոցներին պատմել են, որ պայթյունի հետևանքով շրջակա տների վրա զինանոցում պահվող «Գրադ» տիպի կայանքի հրթիռներ են ընկել։ Արդյունքում Սիթալչայ, Քիլյազի, Մեմեդհասան և Շուրաբաթ գյուղերի բնակիչները տարհանվել են։ Հաղորդվում է, որ նրանց ստիպված ժամանակավոր կացարաններում են տեղավորել։

Ռազմական պահեստում տեղի ունեցած ուժգին պայթյունի շուրջ իրավիճակն անձնական հսկողության տակ է վերցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հաղորդվում է նաև, որ միջադեպի առնչությամբ երկրի զինվորական դատախազությունը երկու քրեական գործ է հարուցել՝ անվտանգության կանոնների խախտման հոդվածով և ծառայության նկատմամբ անփութություն դրսևորելու, որը հանգեցրել է ծանր հետևանքների։

Առայժմ, սակայն, հայտնի չէ ո՛չ պայթյունի հնարավոր պատճառը, ո՛չ վնասի չափերը։ Իրավապահները չեն հաղորդում նաև արդյոք կան կասկածյալներ, կամ ձերբակալվածներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG