Մատչելիության հղումներ

Ահաբեկչության կասկածանքով Լոնդոնում 30-ամյա տղամարդու են ձերբակալել


Լոնդոնում Բուքինգհեմյան պալատի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո երկրորդ կասկածյալն է ձերբակալվել։

Կիրակի առավոտյան ոստիկանության հակաահաբեկչական հատուկ ջոկատայինները խուզարկել են մայրաքաղաք Լոնդոնի արևտյան շրջաններում գտնվող տներից մեկը և տեղում ձերբակալել 30-ամյա տղամարդու, ում կասկածում են ահաբեկչական գործողություն իրականացնելու, մասնակցելու, ինչպես նաև նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում է Լոնդոնի ոստիկանությունը։

Օգոստոսի 25-ին երեկոյան ժամերին, հիշեցնենք, 26-ամյա տղամարդը դանակով հարձակվել էր Լոնդոնի Բուքինգհեմյան պալատի ոստիկանների վրա։ Մինչ այդ ոստիկաննները պալատի մոտ կայանած նրա մեքենայում մեծ դանակ էին նկատել և որոշել ձերբակալել վարորդին:

Այնուհետև տղամարդը հարձակվել էր ոստիկանների վրա և թեթև վնասվածքներ պատճառել:

BBC-ի փոխանցմամբ, հարձակվողը նույնպես վնասվածքներ է ստացել: Տեղի ունեցածը Լոնդոնի ոստիկանությունը ահաբեկչություն է որակել։

Վերջին ամիսներին Մեծ Բրիտանիայում մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականացվել՝ հիմնականում միայնակ անձի կամ ոչ մեծ խմբերի կողմից:

Հունիսի 3-ին Լոնդոնում մեքենան վրաերթի էր ենթարկել լոնդոնյան կամրջի հետիոտներին, ապա մեքենայից դուրս էին եկել երեք ահաբեկիչ և դանակով հարձակվել անցորդների վրա, ինչի հետևանքով զոհվել էր 7 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ էին ստացել:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG