Մատչելիության հղումներ

Ամերիկահայ բարերարը մտադիր է Գյումրիում նոր աշխատատեղեր ստեղծել


Տեսարան Գյումրիից, 2017 թ․ արխիվ

Նախկինում տրված համանման խոստումները, սակայն, չեն կատարվել:

Ամերիկահայ բարերար Սարգիս Սեբեջյանը, ում ֆինանսավորմամբ Գյումրիում սոցիալական բնակարաններ են կառուցվում, որոշել է նաև քաղաքում նոր աշխատատեղերի ստեղծման ծրագիր իրականացնել: «Շատ եմ մտածել և մոտ ժամանակներս, 2-3 տարուց, իմ լավ բարեկամի հետ այդ ուղղությամբ աշխատելու ենք: Շահը, որ առնելու ենք, ինձ չի պատկանելու: Լինելու են նոր գործարաններ, նոր արհեստանոցներ, ինչ որ պետք է»,- «Ազատությանն» ասաց բարերարը:

Դեռ հստակ չէ, թե հատկապես որ ոլորտում են նպատակահարմար համարում աշխատատեղեր բացել, այդ հարցը պարզելու համար ուսումնասիրություններ են իրականացնելու: Մինչ այդ, Սարգիս Սեբեջյանն արդեն որոշել է Հայաստանի աշխատաշուկայում նոր մոդել ներմուծել՝ աշխատողները նաև բաժնետեր են լինելու․ «Ուզում եմ, որ գործավորները լինեն նաև սեփականատեր՝ 25 տոկոսի, որպեսզի այդ գործարանն ավելի լավ աշխատի»:

Սարգիս Սեբեջյանի կինը՝ Նունեն գյումրեցի է: Նա ևս իր հարազատ քաղաքում ներդրումներ անելու ցանկություն ունի: «Սփյուռքը պատրաստ է»,- ասաց Նունեն, հավելելով՝ կամաց-կամաց, փոքր քայլերով շատ բաներ կարելի է ստեղծել: Նշենք, որ Սարգիս Սեբեջյանը ԱՄՆ-ում զբաղվում է անվադողերի մեծածախ վաճառքով:

Գործազրկության բարձր մակարդակ ունեցող Գյումրիում աշխատատեղերի ստեղծման համար վերջին ներդրումն արել էր շվեցարահայ գործարար Վարդան Սերմաքեշը: Գործարարը տրամադրել էր 10 մլն դոլար՝ նոր աշխատատեղեր բացելու նպատակով մի քանի բիզնես ծրագրեր ֆինաnսավորելու համար: Նույն ծրագրով ևս 2 մլն դոլար էր ներդրել Հայաստանի կառավարությունը:

Այդ ծրագրի մեկնարկից 2 տարի անց, սակայն, որևէ նոր աշխատատեղ չի բացվել, թեև խոստացել էին որ թեթև արդյունաբերության ոլորտում 300 աշխատատեղ է բացվելու: Մինչ օրս «Սաստեքս» ընկերությունը շինարարական աշխատանքներ է իրականացնում: Այժմ էլ խոստանում են ծրագրի 1,5 տարվա ուշացումը փոխհատուցել լրացուցիչ 100 աշխատատեղերի ավելացմամբ: Թե երբ տեքստիլ արտադրանք տվող գործարանը կշահագործվի ու գյումրեցին աշխատանք կունենա, այդ հարցին որևէ հստակ պատասխան չի տրվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG