Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է անում ստուգել՝ արդյո՞ք Թեհրանը հետևում է միջուկային համաձայնագրի դրույթներին


ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայանը Վիեննայում

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ՄԱԿ-ին կից Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կոչ է արել ստուգել Իրանի ռազմակայանները՝ պարզելու, թե արդյո՞ք խախտվում են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստորագրված համաձայնագրի դրույթները:

Ինչպես հայտարարել է Հեյլին Վիեննայից վերադառնալուց հետո, որտեղ գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայանը, ինքը վստահում է այդ գործակալությանը, սակայն այն գործ ունի «մի երկրի հետ, որը հայտնի է ստի և միջուկային գաղտնի ծրագրերի իրականացման պատմություններով»: Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, թե կասկածներ ունի, որ Իրանը գաղտնի հետազոտություններ է իրականացրել միջուկային մարտական գլխիկներ արտադրելու ուղղությամբ: Թեհրանը հերքել է այդ պնդումները:

Մինչ օրս Իրանը թույլ չի տվել միջազգային տեսուչների մուտքը իր ռազմական կառույցներ: Սակայն, 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրով, ՄԱԳԱՏԷ-ին իրավունք է վերապահված ստուգել իրանական ցանկացած կառույց, որում միջուկային գործունեություն իրականացնելու հետ կապված կասկածներ կան:

ՄԱԿ-ի, նաև ԱՄՆ-ի այն կառույցները, որոնք հետևում են Իրանի կողմից միջուկային համաձայնագրի իրականացմանը, հայտարարում են, որ Թեհրանը կատարում է ստանձնած այն պարտավորությունները, որոնցով պետք է բացառվի միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդի Թրամփի վարչակազմը վերջին շրջանում Իրանին մեղադրում է միջուկային գործարքի «ոգուն չհետևելու» մեջ:

Թեհրանն, իր հերթին, «համաձայնագրի ոգին խախտելու» մեջ մեղադրում է Վաշինգտոնին, որը վերջերս նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ այդ երկրի հրթիռային ծրագրի պատճառով: Իրանում նախազգուշացրել են, որ ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրս գալու դեպքում Թեհրանը կարող է «հեշտությամբ և արագորեն» վերականգնել միջուկային գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG