Մատչելիության հղումներ

Սևանի բնակչի խոշտանգումների գործով դեռ որևէ իրավապահի մեղադրանք չի առաջադրվել


Սևան քաղաքի բնակիչ Սևակ Ոսկանյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել՝ իրավապահների կողմից քաղաքացուն խոշտանգելու և բռնության գործադրմամբ ցուցմունք տալուն հարկադրելու հիմքով։

Սևանի 26-ամյա բնակչի պնդմամբ, օգոստոսի 18-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում մի քանի իրավապահներ խոշտանգել են իրեն ու սպառնացել վնասել ընտանիքի անդամներին։ Սևակ Ոսկանյանը հարկադրված կեղծ խոստովանական ցուցմունք է տվել ու հանցագործություն կատարելու համար անհիմն մեղադրել է Հայկ Ավանեսյանին։

«Դիմակներով աշխատակիցները նրան բերման են ենթարկել Գավառի ոստիկանության վարչություն Սևան քաղաքից։ Իրենց ցանկալի ցուցմունքը կորզելուց հետո ազատ են արձակել»,- պատմում է Սևակ Ոսկանյանի փաստաբան Կարեն Ղոնյանը։

Այս պատմությունը հանրային մեծ հնչեղություն ստացավ այն բանից հետո, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Ոսկանյանի՝ գլխավոր դատախազին ուղղված դիմումը: Դրանից հետո դատախազությունը գործն ուղարկեց Հատուկ քննչական ծառայություն։ Նամակում քաղաքացին մանրամասն պատմում է, թե ինչպես են իրավապահները ծեծել իրեն, սպառնացել, հայհոյել և նվաստացրել՝ մոտ 10 ժամ շարունակ ապօրինի զրկելով ազատությունից։

Ոստիկանության բաժնում որդու հետ կատարվածի մասին Սևակի մայրը՝ Հրանուշ Մկրտչյանը նույնպես իմացել է դատախազին ուղղված նամակից։ «Հարցաքննությունից հետո տղաս ընկճված է տուն վերադարձել, իսկ հաջորդ օրն ընդհանրապես տնից հեռացել է, քանի որ վախենում է, որ իրեն նորից կարող են անհիմն բաժին տանել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հրանուշ Մկրտչյանն ու հավելեց․ «Ինքն ինձ բան չի պատմել, այդ օրն էն տիպի ընկճված ներս մտավ, տղա է, երևի մտածում էր՝ ոնց պատմեմ, որ ինձ ծեծել են»:

Ի դեպ, նշենք, որ օգոստոսի 18-ին Սևակին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն էին կանչել՝ հարցաքննելու 2008 թվականին կատարված մի հանցագործության առնչությամբ։ Այդ ժամանակ կողոպտել էին Սևակի ընկերներից մեկին: Այդ գործի շրջանակում 9 տարի առաջ Սևակը ևս հարցաքննվել էր, հանցագործությունը, սակայն, չէր բացահայտվել։ Այս տարի մեկ այլ գողության համար ձերբակալված և 2008-ի գործի հետ նույնպես առնչված Հայկ Ավանեսյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանի կարծիքով՝ Սևակից Ավանեսյանի դեմ տրված ցուցմունքը բռնությամբ կորզել են՝ 9 տարվա վաղեմության գործն իր պաշտպանյալի վրա բարդելու համար։ Նրա խոսքով, քանի որ այս տարվա դեպքով առաջադրված մեղադրանքի ապացույցները «շատ թույլ են», փորձ է արվում Հայկի մեղքը ծանրացել նաև 9 տարի առաջ տեղի ունեցած հանցագործությամբ:

Սևակ Ոսկանյանի փաստաբան Կարեն Ղոնյանի հավաստմամբ, հանցագործության մասին հաղորդում տալու կապակցությամբ իր պաշտպանյալին երեկ հրավիրել էին ՀՔԾ: Բացի այդ, Սևակի մայրը նշում է, որ Գեղարքունիքի ոստիկանությունից կրկին զանգել ու որդուն հարցաքննության են կանչել։ Հրանուշ Մկրտչյանի պնդմամբ՝ իր որդին, նաև ընտանիքի մյուս անդամներն ահաբեկված են: Նա այժմ Սևակի գտնվելու վայրը չգիտի, իսկ հարսին ու թոռանը ժամանակավորապես բարեկամների տուն է ուղարկել։

«Մեղադրանք չեն առաջադրել։ Սևակն էս պահի դրությամբ վախենում է ներկայանալ ոստիկանություն ու ծանուցում էլ չի ստացել»,- ասում է փաստաբան Կարեն Ղոնյանը: Սևակի մայրն էլ նշում է․ «Ուղղակի խոսք չեմ գտնում բնութագրելու, թե ինչպես են վերաբերվել։ Ճնշում են ֆիզիկապես, բարոյապես ու հոգեպես։ Տղայիս ասել են՝ եթե ուզում ես երեխայիդ տեսնել, էս թղթի տակ պիտի ստորագրես»:

ՀՔԾ-ից Ազատությանը տեղեկացրին, որ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու հետ կապված՝ այս պահին դեռ ոչ մի իրավապահի մեղադրանք առաջադրված չէ։ նախաքննությունը շարունակվում է։

Սևանի բնակչի խոշտանգումների գործով դեռ որևէ իրավապահի մեղադրանք չի առաջադրվել
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG