Մատչելիության հղումներ

Ալավերդու ճանապարհների «կարկատումն» արդյունավետ չէ, վարորդները դժգոհում են՝ «ավելորդ ծախսեր ենք անում»


Ալավերդու վարորդները դժգոհում են՝ ներհամայնքային քարուքանդ ճանապարհների պատճառով ավելորդ ծախսեր են անում
Ալավերդու վարորդները դժգոհում են՝ ներհամայնքային քարուքանդ ճանապարհների պատճառով ավելորդ ծախսեր են անում

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ներհամայնքային ճանապարհները «կարկատելու» համար ամեն տարի 17-20 միլիոն դրամ է ծախսվում։ Այս տարի ևս 17 միլիոն դրամով փոսային նորոգումներ են արվում, ընդ որում՝ առաջին անգամ՝ պետբյուջեի հաշվին, սակայն այդ կարկատանները կարճ կյանք են ունենում։ Վատ ջրահեռացման համակարգն ու արդեն շարքից դուրս եկած ասֆալտն անընդհատ խնդիրներ են առաջացնում, պնդում են վարորդները․ «Շաբաթը մի հատ պակրիշկա ենք առնում, գրունտավոյ ճանապարհը մեր ասֆալտից ընտիր ա»։

Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը համամիտ է վարորոդների հետ, ասում է՝ փոսային նորոգումներով «երբեք հարցը չի լուծվի»։ Նրա խոսքով՝ ամեն տարի փոսային նորոգումների վրա գումարներ ծախսելն անարդյունավետ է: Քաղաքապետն այժմ փորձում է հաջորդ տարվանից քաղաքի փողոցները հիմնանորոգելու համար միջոցներ գտնել։

«Ինքս ունեմ սեփական մեքենա, որի վրա ավելորդ ծախսեր եմ անում ճանապարհների պատճառով։ Իհարկե ես հասկանում եմ, թե ամեն ընտանիքի բյուջեում ինչքան կտնտեսեն մարդիկ, եթե նորմալ ճանապարհներ ունենանք։ Որպեսզի մենք էֆեկտիվ էդ գումարներն օգտագործենք, մենք պիտի մի անգամ որակյալ աշխատանք անենք, պետք է հասկանանք, որ ավելի լավ է էսօր մի դրամի տեղը ներդնենք մի դրամ 30 լումա, բայց էլ էս հարցին չանդրադառնանք»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Կարեն Փարեմուզյանը։

Մեկ ամիս առաջ Ալավերդիում սկսվել են մոտ 20 կիլոմետր երկարությամբ ներհամայնքային ճանապարհների փոսային նորոգումները: Ընդ որում՝ առաջին անգամ շինարարական աշխատանքների մրցույթում հաղթել է ոչ թե տեղի միակ «Տիտանյան եղբայրներ» ընկերությունը, այլ Երևանում գործող «Գևորգյան և Ներսիսյան» ընկերությունը՝ առաջարկելով 30 տոկոսով ավելի ցածր գին։ Քաղաքապետը դժվարանում է ասել՝ նախորդ տարիների համեմատ ինչպիսի՞ն է այժմ ճանապարհաշինության որակը, բայց կատարվող աշխատանքներից գոհ չէ։

«Ճիշտն ասած շատ չեմ գոհ։ Դրա համար մեր քաղաքաշինության մասնագետներն ամեն օր հետներն աշխատում են թե՛ չափերի մասով, թե՛ որակի մասով, ու մենք մեր դիտարկումները բոլորը ֆիքսում ենք, ինչպես նկարելով, այնպես էլ համապատասխան փաստաթղթեր կազմելով, որպեսզի ներկայացնենք տվյալ կազմակերպությանը, որ ինքը իրա թերությունները շտկի»,- ասում է Ալավերդու քաղաքապետը։

Փոսային նորոգումներ իրականացնող ընկերության տնօրեն Եղիշե Գևորգյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ընդունեց, որ թերություններ եղել են, բայց նաև նշեց՝ «դրանք միայն աշխատանքների սկզբում են եղել ու վերացվել են»։ Նոր թերությունների մասին, որոնք քաղաքապետարանն արձանագրել ու պատրաստվում է ներկայացնել շինարարական ընկերությանը, Գևորգյանը տեղյակ չէր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG