Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղը չի տեսնում Ադրբեջանի կազմում․ Դավիթ Բաբայան


ԼՂ նախագահի վարչական շենքը Ստեփանակերտում, արխիվ
ԼՂ նախագահի վարչական շենքը Ստեփանակերտում, արխիվ

Դեսպան Հոգլանդի հայտարարությունը վկայում է, որ Միացյալ Նահանգներն անհնար է համարում Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման դիտարկում արեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա, «ակնհայտ է նաև», որ նման հայտարարությամբ՝ Վաշինգտոնն անընդունելի է համարում հակամարտության կարգավորման ուժային տարբերակը: «Վաշինգտոնը չի տեսնում Արցախը որպես Ադրբեջանի մաս: Սա, կարծում եմ՝ հստակ երևում է բոլոր այդ ձևակերպումներից»,- նշեց Բաբայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ օրերս հրապարակած փաստաթղթի համաձայն, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի փոխհամաձայնեցված և իրավականորեն պարտադիր կամարտահայտությամբ, Լեռնային Ղարաբաղի հարակից «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի ապահովվի անվտանգ անցում, «սակայն չի կարող ընդգրկել Լաչինի շրջանն ամբողջությամբ», պետք է ճանաչվեն փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը: Հոգլանդ նշել է նաև, որ ցանկացած պարագայում Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն է իրականացվելու:

Արձագանքելով այս հայտարարությանը՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է՝ Հոգլանդը «թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ», բայց «դրանք, ընդհանուր առմամբ, արտահայտում են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ ընդունված հինգ հայտնի հայտարարությունների դրույթները»: Մյուս կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը նախօրեին «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց՝ նշված դրույթները Հայաստանի իշխանություններն ընդունել են որպես կարգավորման բանակցությունների հիմք:

Դավիթ Բաբայանին հարց ուղղեցինք՝ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության համաձայն, ԼՂ իրավազորության ներքո այսօր գտնվող տարածքները համարվում են ԼՂ տարածքի բաղկացուցիչ մասը: Այդ համատեքստում ի՞նչ դիրքորոշում ունի Ստեփանակերտը տարածքների վերադարձին առնչվող՝ Հոգլանդի հայտարարության վերաբերյալ:

«Հաշվի առնելով Ադրբեջանի հայատյաց և տոտալիտար լինելը, մենք չենք կարող հավատալ Ադրբեջանին, առավել ևս՝ մեր ազգի ճակատագիրը կապել Ադրբեջանի քմահաճույքի հետ: Հետևաբար՝ չի կարող լինել վերադարձ անցյալին սահմանների, առավել ևս՝ կարգավիճակի առումով: Մեզ համար ամենակարևորն անվտանգությունն է: Ադրբեջանի ագրեսիայի համար խթանիչ բաղադրամաս է հանդիսացել նաև նախկին ԼՂԻՄ-ի սահմանները: Լինելով անկլավային, դա իրենց մոտ առաջացրել է իլյուզիա, որ հնարավոր է հարձակվել և ոչնչացնել Արցախը մեկընդմիշտ»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, արդյունավետ բանակցությունների համար նախևառաջ անհրաժեշտ է ապահովել բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունը, և պետք է հաշվի առնել՝ քանի դեռ համաձայնեցված չէ ամբողջական փաթեթը, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ: Ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելությանը, ըստ Դավիթ Բաբայանի, այդ մասին կարելի է խոսել միայն վերջնական կարգավորումից հետո:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր՝ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը խաղաղապահների մասին հիշատակումը հայ ժողովրդի նկատմամբ «ծաղր» որակեց: «Երաշխիքների» համատեքստում նա վկայաբերեց Ուկրաինայի օրինակը, որին ժամանակին անվտանգության երաշխիքներ էին տվել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը, հետո էլ «ձեռքից վերցրել միջուկային զենքը»: «Այն, ինչ տեղի ունեցավ հետո, բոլորս ականատես եղանք»,- ասաց ԼՂ խորհրդարանի պատգամավորը, հիշեցնելով նաև միջազգային խաղաղապահ առաքելությունների «ձախողված օրինակներ»:

Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղը չի տեսնում Ադրբեջանի կազմում․ Դավիթ Բաբայան
please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG