Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ է արձակել


Հաղորդվում է, որ հրթիռներն արձակվել են Ճապոնական ծովի ուղղությամբ: ԱՄՆ խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հայտարարել է, որ արձանագրել են փոքր հեռահարության երեք բալիստիկ հրթիռների արձակում: Ընդ որում՝ դրանցից մեկը պայթել է արձակումից անմիջապես հետո, իսկ մյուս երկուսը «ձախողվել են» թռիչքի ընթացքում:

Ամերիկացի զինվորականների խոսքով՝ հրթիռներն ուղղված չեն եղել ամերիկյան Գուամ կղզու վրա: Փհենյանը, հիշեցնենք, վերջերս սպառնացել էր հարվածներ հասցնել ամերիկյան այդ կղզուն: Ճապոնիայում էլ հայտարարել են, որ նախօրեին արձակված հրթիռները չէին սպառնում երկրի անվտանգությանը: Հյուսիսային Կորեան այս կապակցությամբ առայժմ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:

Այս հրթիռների արձակումները տեղի են ունենում Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների զինված ուժերի համատեղ զորավարժությունների ֆոնին, որոնք անցկացվում են Կորեական թերակղզում: Փհենյանն այդ զորավարժությունները համարում է Հյուսիսային Կորեայի վրա «հարձակման փորձ»: Ավելի վաղ Փհենյանի կողմից հրթիռների արձակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հարկադրել են ավելի խստացնել տնտեսական պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG