Կառավարությունը դպրոցների օպտիմալացման հերթական փուլն իրականացնելու մասին որոշում է կայացրել, որը չի շրջանցում Շիրակի մարզը․ նախատեսվում է, որ Գյումրիում և Արթիկում մի շարք դպրոցներ կմիավորվեն: Թե հատկապես որ դպրոցներին է վերաբերելու օպտիմալացման ծրագիրը, այս հարցի շուրջ պարզաբանումներ ներկայացրեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:
«Կառավարության որոշմամբ՝ թիվ 42 ավագ դպրոցը միավորվում է թիվ 23 հիմնական դպրոցի հետ, փոխելով կարգավիճակը: Այսինքն՝ դառնում է թիվ 23 միջնակարգ դպրոց: Արթիկ քաղաքում կմիավորվեն երկու ավագ դպրոց՝ յոթերորդը և երրորդը, արդյունքում կունենանք մեկ ավագ դպրոց։ «Բալատոն» վարժարանն էլ միավորվում է երկրորդ դպրոց-վարժարանի հետ, արդյունքում կլինի միայն երկրորդ վարժարանը»,- ասաց Կարապետյանը:
Ցանկացած միավորում ենթադրում է կադրերի կրճատում: ինչպե՞ս է լուծվելու մանկավարժներին աշխատանքով ապահովելու հարցը: Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի խոսքով՝ հնարավորության սահմաններում բոլորը կապահովվեն աշխատատեղերով, «այս միավորումները դպրոցների փակում չէ, այլ դպրոցների զարգացում»:
Դպրոցների տնօրենների հետ խորհրդակցություն անցկացնելու, ոլորտում սպասվող փոփոխություններին նրանց տեղեկացնելու նպատակով այսօր Շիրակի մարզ էր այցելել կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Դիմելով նրան՝ Լուսաղբյուրի դպրոցի տնօրենն ասաց, թե ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել: Այս համտեքստում առաջարկ հնչեց՝ որպես պահպանման ծախս, ջեռուցման համար պետք է առանձին գումար հատկացվի, այլապես մի մարզում ջեռուցման շրջանը 6-ամսյա է, մյուսում 4-ամսյա, սակայն երկու դեպքում էլ նույն գումարն են ստանում: Այս առաջակը, ըստ փոխնախարարի, «կքննարկվի»:
Արտագաղթով պայմանավորված՝ մարզի շատ դպրոցներում աշակերտների թիվը նվազել է: Փանիկի դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանն ասում է որ 3 տարվա ընթացքում դպրոցի աշակերտների թիվը պակասել է 50-ով , ինչը նոր խնդիրների է հանգեցրել: Արտագաղթն իրեն զգացնել է տվել հատկապես Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանների գյուղական համայնքների դպրոցներում, որոշ տեղերում առաջին դասարանցիներ չեն եղել, դպրոց էլ կա՝ «շրջանավարտ չունի»:
Մանկավարժներին թերևս ամենից շատ հուզում է աշխատավարձի հարցը: Հնարավո՞ր է բարձրացում, երբ գրեթե ամեն տարի կրթությանը հատկացվող ֆիանասկան միջոցները նվազում են: Փոխնախարարի խոսքով, կառավարությանը ներկայացվել է «Ուսուցիչ» անվամբ ծրագիր, որով «այդպիսի բան նախատեսվում է»: