Հարավային Կորեայի դատարանը Samsung ընկերության սեփականատիրոջ ժառանգը համարվող, ընկերության փաստացի ղեկավար միլիարդատեր Լի Ջե-յոնգին կոռուպցիայի, ֆինասական մեքենայությունների, արտասահմանում ապօրինի եղանակով հարստությունը թաքցնելու և այլ մեղադրանքներով այսօր դատապարտել է 5 տարվա ազատազրկման:
Լի Ջե-յոնգը հերքում է մեղադրանքը, որով կարող էր դատապարտվել ընդհուպ մինչև 12 տարվա ազատազրկման:
Նրա փաստաբանն ասել է, որ անպայման բողոքարկելու է դատավճիռը:
Սմարթֆոններ արտադրող աշխարհի ամենախոշոր ընկերության ղեկավարին ձերբակալել են այս տարվա փետրվարին: Այդ սկանդալը հանգեցրել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Պարկ Գյուն-հուի իմպիչմենտին:
Լի Ջ-յոնգը մեղադրվել է քաղաքական աջակցության դիմաց նախկին նախագահի ընկերոջ Չոյ Սուն-սիլի հիմնադրամին 36 միլիոն դոլար նվիրելու համար:
Պարկ Գյուն-հուի և Չոյ Սուն-սիլի դատավարություններն ընթացքի մեջ են: Գործը Հարավային Կորեայում առաջացրել է հանրության աննախադեպ զայրույթը chaebol-ների՝ խոշոր գերդաստաններին պատկանող ընկերությունների նկատմամբ: