Մատչելիության հղումներ

Բրյուսովի անվան համալսարանի ՊՈԱԿ-ից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դեպքով հարուցվել է քրգործ


Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակա-գիտական համալսարան» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի դեկտեմբերին համալսարանում անցկացված տարեկան գույքագրման արդյունքում արձանագրվել է համալսարանի աշխատակիցներին հանձնված գույքի ընդհանուր 30.209.096,9 դրամի չափով պակասորդ:

Ըստ դատախազության նաև պարզվել է, որ 2009-ից 2015 թվականներին համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաև պակասորդ ապրանքների հաշվապահական ձևակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտումներով, ինչը հանգեցրել է նրան, որ պակասորդ գույքը տարիներ շարունակ չի հայտնաբերվել:

«Նկատի ունենալով, որ հայտնաբերված ընդհանուր՝ 30.209.096,9 դրամ արժողության միջոցների պակասորդի փաստն առերևույթ պարունակում է յուրացման կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու հանցագործության, իսկ իրավասու պաշտոնատար անձանց ոչ պատշաճ գործողությունները՝ պաշտոնեական անփութության հատկանիշներ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG