Մատչելիության հղումներ

Հարձակման ենթարկված «Նեմցովի հուշակոթողի» պաշտպանը մահացել է


Մոսկվայի հիվանդանոցում օգոստոսի 23-ին մահացել է հարձակման ենթարկված ռուսաստանցի իրավապաշտպան Իվան Սկրիպնիչենկոն: Այդ մասին Թվիթերում գրել է իրավապաշտպան ակտիվիստ Անդրեյ Մարգուլևը:

Սկրիպնիչենկոն հարձակման է ենթարկվել, երբ հերթապահել է սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի ոչ-պաշտոնական հուշակոթողի մոտ:

Նեմցովի աջակիցները նրան հարգանքի տուրք մատուցելու համար ընտրել են Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի այն հատվածը, որտեղ Կրեմլին խիստ քննադատող քաղաքական գործիչը 2015 թվական փետրվարի 27-ին դավադրաբար սպանվել է: Ընդդիմադիր շրջանակներում Բոլշոյ Մոսկվորեցկի կամուրջն անվանում են «Նեմցովի կամուրջ»:

Այնտեղ տեղադրվում են Նեմցովի լուսանկարները, քաղաքական կարգախոսներով պաստառներ, մոմեր և ծաղիկներ: Կամրջի այդ հատվածը պարբերաբար հարձակման է ենթարկվում և մաքրվում է, ինչն էլ Նեմցովի աջակիցներին ստիպում է հերթապահություններ կազմակերպել:

Նեմցովի սպանության 900-րդ օրը՝ օգոստոսի 15-ին, մի անհայտ անձ մոտեցել և հուժկու հարված է հասցրել Սկրիպնիչենկոյի գլխին ու փախուստի է դիմել, ինչից հետո ակտիվիստին տեղափոխել են Մոսկվայի Սկլիֆոսոֆսկու անվան շտապօգնության հիվանդանոց:

Օրեր անց նա դուրս է գրվել, սակայն առողջության վատթարացման պատճառով վերադարձել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Իրավապահները ՏԱՍՍ լրատվական գործակալությանը փոխանցել են, որ «Սկրիպնիչենկոյի մահվան մասին լուրը ստանալուց հետո պատկան մարմինները հետաքննելու են նրան ծեծի ենթարկելու հանգամանքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG