Աշխարհահռչակ հարձակվող, Շվեդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը մեկամյա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
35-ամյա ռմբարկուն 2016-17 թվականների մրցաշրջանում 28 գոլի հեղինակ է դարձել, սակայն վերջում ծնկի վնասվածք է ստացել և ամիսներ շարունակ բուժվել է:
Նա չի մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, և երբ «կարմիր դևերը» հաղթել են՝ հենակներով է հասել դաշտի կենտրոն, որ բարձրարցնի գավաթը:
Նա անցյալ մրցաշրջանում «Պարի Սեն Ժերմենից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ մեկ տարվա պայմանագրով:
Վնասվածքից հետո Իբրահիմովիչը կարող էր առանց բյուրոկրատական քաշքշուկների տեղափոխվել որևէ այլ ակումբ կամ ընդհանրապես հեռանալ սպորտից:
Այն ժամանակ մարզական աշխարհում չէին բացառում, որ ծունկը բուժելուց հետո Իբրահիմովիչը գուցե կտեղափոխվի Միացյալ Նահանգներ և կարիերան կավարտի հյուսիսամերիկյան բարձրագույն լիգայում, մինչդեռ, «Մանչեսթեր Յունայթեդի» մոլի երկրպագուները հույս էին հայտնում, որ կազդուրվելու դեպքում Զլատանը կմնա ակումբում:
Նա մարզվել է Քերինգթոնում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդի» բազայում: Ակումբի բժիշկներն ասում են, որ կազդուրվելու ընթացքը շատ հանգիստ և զարմանալիորեն արագ է անցել:
Այսօր ակումբը տարածել է հատուկ հայտարարություն, ըստ որի, Իբրահիմովիչը ևս մեկ տարի կխաղա:
«Ուրախությամբ հայտնում ենք, որ Զլատան Իբրահիմովիչը կշարունակի իր ուղին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, նա կրելու է համար 10-ը մարզաշապիկը», - ասվում է ակումբի հաղորդագրությունում:
«Անցյալ շրջանում կատարած ներդրումից հետո նա վաստակել է մեր վստահությանը, մենք համբերատար կսպասենք նրա վերադարձին, ես կասկած չունեմ, որ նա կարևոր դեր կունենա նոր մրցաշրջանի երկրորդ փուլում»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
ESPN մարզական պարբերականի թղթակից Ռոբ Դոուսոնի փոխանցմամբ, Իբրահիմովիչն ասել է, որ այս վերադարձը իր և ակումբի միասնական ցանկությունն է:
«Չեմ կարող հենց այնպես վերադառնալ, կարողություններիս 50 կամ 80 տոկոսով խաղալ, չեմ ցանկանա, որ ինչ-ինչ արդարացում լինի, եթե վերադառնում ես, ուրեմն՝ վերադառնում, ուրեմն պետք է լինի նույն եռանդը, նույն ակնկալիքը, ինչպես միշտ», - ասել է Իբրահիմովիչը:
Նա հավատացրել է, որ շատ լարված ու ծանր աշխատում է՝ լավագույն մարզավիճակը վերականգնելու համար:
Իբրան ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ռմբարկուներից Ռոմելո Լուկակուն շատ լավ ձեռքբերում է ակումբի համար:
Ըստ մարզական մեկնաբանների, Իբրահիմովիչն իսկական լիդեր է, ով իր վրա է վերցնում խաղն ամենաբարդ պահերին, բայց նաև մեծ ծավալի թիմային աշխատանք է կատարում, անցած մրցաշրջանում նա հատկապես արդյունավետ համագործակցել է Հայաստանի հավաքականի աստղ Հենրիխ Մխիթարյանի հետ:
Զլատան Իբրահիմովիչն ավարտել է ելույթները Շվեդիայի հավաքականի կազմում: ESPN պարբերականը հաղորդում է, որ Ստոքհոլմի Friends Arena մարզադաշտի մոտ տեղադրելու են Իբրահիմովիչի արձանը: