Մատչելիության հղումներ

Գյումրիի՝ Արթուր Ալեքսանյանի անունը կրող մարզադպրոցն անմխիթար վիճակում է


Տեսարան Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի դահլիճից

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը կրող՝ Գյումրիի մարզադպրոցը տարիներ շարունակ անմխիթար վիճակում է: Դեռ այն ժամանակ, երբ Արթուրն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իշխանությունները խոստացան վերանորոգել չեմպիոնին կրթած մարզադպրոցը, բայց այդ խոստումից երեք տարի անց էլ այնտեղ ոչինչ չի արվել:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր պատասխանելով լրագրողների հացերին, ասաց, թե մարզադպրոցն այս տեսքով վերանորոգման ենթական չէ, և անհրաժեշտ է կառուցել նորը:

Մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը (Արթուր Ալեքսանյանի հայրն է և մարզիչը), մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վերանորգման համար նախագծային աշխատանքներ իրականացնելու նպատակով պետական բյուջեից այս տարի գումար է հատկացվել: Նրա խոսքով, կա դպրոցի հիմնանորոգման մասին կառավարության որոշում, անցկացվել է նախագծողի մրցույթ, նախագծային աշխատանքներն էլ ընթացքի մեջ են: Ըստ այդմ՝ ոչ թե նոր դպրոց է կառուցվելու, այլ նախատեսվում է հիմնանորոգել հինը, որոշ կից շինություններ էլ կկառուցվեն ամբողջությամբ:

Նախագծման մրցույթը 2 մլն դրամի առաջարկով շահել է Վանաձորի «Վաննախ» կազմակերպությունը: Թե երբ կավարտվեն նախագծանախահաշվային աշխատանքները, մարզադպրոցի տնօրենը չգիտի: Իսկ հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացում կարվի՞, այդ հարցի պատասխանն էլ պարզ կդառնա տարեվերջին:

Դեռ տարիներ առաջ մարզադպրոցը հիմնանորոգելու նախնական նախագիծ էր կազմվել՝ մոտ 218 մլն դրամ նախահաշավյին արժեքով: Թե հիմա որքան գումար կպահանջվի հիմնանորոգման համար, պարզ կդառնա նախահաշիվը կազմելուց հետո միայն: Արթուր Ալեքսանյանի անունը կրող մարզադպրոցը նորոգելու խոստում էր տվել նաև ՀՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պայմանով, որ դպրոցն անվանակոչվի մարզիկի անունով: Նրա այդ պահանջը կատարվեց, սակայն խոստումն այդպես էլ մնաց որպես խոստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG