Մատչելիության հղումներ

Ուկրաինան նշում է անկախության 26-ամյակը


Նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր հանդիպում է
ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսի հետ, Կիև, 24-ը օգոստոսի, 2017 թ.
Նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր հանդիպում է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսի հետ, Կիև, 24-ը օգոստոսի, 2017 թ.

Ուկրաինան անկախության 26-ամյակը նշում է Ղրիմի բռնազավթման և արևելյան շրջաններում շարունակվող հակամարտության պայմաններում:

Դիմելով հանդիսավոր զորահանդեսի մասնակիցներին, որոնց թվում էին Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը և արևմտյան մի շարք պետությունների բարձրաստիճան զինվորականներ, նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր ասել է․ «Ուկրաինան պատրաստ է ծանր հակահարված տալ ագրեսորին, եթե նա համարձակվի գրոհի անցնել»:

Ուկրաինայի ղեկավարի այս ուղերձը միանշանակ հասցեագրված է Կրեմլին և ռուս անջատականներին: Պորոշենկոն նաև ասել է, թե «Ուկրաինան, նախևառաջ, ցանկանում է խաղաղ, դիվանագիտական եղանակով կարգավորել խնդիրն ու իրավական ճանապարհով ապահովել Ղրիմի և Դոնբասի վերադարձը»:

Նա նշել է, որ «Ռուսաստանի ագրեսիան» ուկրաինացիներին դարձրել է միասնական քաղաքական ազգ․ ավանդական ուկրաինական գյուղակները, որտեղ չեն հետաքրքրվում իրենցից հեռու վայրերում տեղի ունեցող անցուդարձով, «միավորվել և մեկ հայրենասիրական ընտանիք են դարձել»:

Ուկրաինայի նախագահը և զորահանդեսի մյուս մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Ուկրաինայի անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարում զոհված զինվորականների և խաղաղ բնակիչների հիշատակին:

«Ես վստահում մեր դաշնակիցներին, մենք մեծապես կարևորում ենք այս զորահանդեսին Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Էստոնիայի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորական պատվիրակությունների մասնակցությունը»,- ասել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:

ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային՝ արդիական բանակ ստեղծելու գործում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պորոշենկոյին հասցեագրած շնորհավորական ուղերձում նշել է, որ Ամերիկան սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը և «հիրավի եվրոպական պետություն դառնալու ձգտումը»:

Կիևը մեծ կարևորություն է տալիս Պենտագոնի ղեկավարի այցին, անցած տասնամյակում ԱՄՆ պաշտպանության նախարարները չեն այցելել Ուկրաինա: Այսօր նախագահ Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո Ջիմ Մաթիսը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է ուժով փոխել միջազգային սահմանները, ինչը Միացյալ Նահանգների համար անընդունելի է: Պենտագոնի ղեկավարը հավաստիացրել է, որ Ամերիկան կշարունակի օգնել Ուկրաինային: Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգները քննարկում է Ուկրաինային նոր զինատեսակներ տրամադրելու հնարավորությունը:

Ուկրաինայի նախագահը տվյալներ է հայտնել երկրի արևելքում գտնվող ռուսական զինուժի վերաբերյալ: «Մեր անվտանգության ծառայությունների հայթայթած և մեր գործընկերների կողմից հաստատված ինֆորմացիայի համաձայն, այս պահին արևելյան շրջանում գտնվում է 3 հազար ռուսաստանցի զինծառայող, խոսքը կանոնավոր բանակի զինծառայողների մասին է»,- ասել է Պորոշենկոն:

Ուկրաինան անկախություն է հռչակել 1991 թվականի օգոստոսի 24-ին: Այդ օրը Գերագույն ռադան պետական տոն է ճանաչել 1992 թվականի հունիսին: Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Պետրո Պորոշենկոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG