Մատչելիության հղումներ

Արտուշ Գաբրելյանը մերժեց ինքնաբացարկի հերթական միջնորդությունը


«Սասնա ծռերի» անդամներից 18-ի գործով դատական նիստն այսօր ևս անցավ լարված մթնոլորտում և առանց ամբաստանյալների, որոնց դատավորը հեռացրել է դահլիճից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։

Ներկա փաստաբանները կրկին ինքնաբացարկ ներկայացրեցին դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ պնդելով, որ նա անաչառ չէ: Դատավորն այդ միջնորդությունը հերթական անգամ մերժելուց հետո սանկցիա կիրառեց նիստերի դահլիճը լքած Լուսինե Սահակյանի և առանց իր թույլտվության ելույթ ունեցող փաստաբան Հայարփի Սարգսյանի նկատմամբ։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ու նրա գործընկերները պնդում էին՝ Արտուշ Գաբրիելյանն առանց բացակա փաստաբանների իրավունք չունի ընդհանրապես նիստը սկսել։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ու դատախազ Պետրոս Պետրոսյանը չէին կիսում փաստաբանների տեսակետն ու իրենց հերթին պնդում էին՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է արվում։

«Քրեական գործի դատական քննության նախապատրաստելու փուլում կատարված գործողությունները բացառապես պայմանավորված են քրեական գործի ողջամիտ ժամկետներում և ամբաստանյալների արդար դատավարության իրավունքը ապահովելուն և առհասարակ պաշտպանության իրավունքի ապահովմանը», - ասաց Պետրոս Պետրոսյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, թե քանի դեռ իր պաշտպանյալները հեռացված են, ինքն այստեղ անելիք չունի․ - «Իմ պաշտպանյալները չեն լիազորել իրենց բացակայությամբ ներկա գտնվել դատական նիստերին: Ուստի ես այլևս չեմ շարունակելու այս դատական նիստին մասնակցել, մինչև որ դատարանը չապահովի բոլորի իրավունքները և չսկսի ղեկավարվել Քրեական դատավարության օրենսգրքով»:

Լուսինե Սահակյանի հեռանալուց հետո նիստերի դահլիճը լքեցին նաև փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Հարություն Բաղդասարյանը և Լիպարիտ Սիմոնյանը։

Մինչ այդ, դատավորը որոշեց դատարան բերել մի քանի ամբաստանյալի՝ հարցնելու, թե արդյոք հրաժարվում են իրենց պաշտպանյալներից, թե ոչ։ «Սասնա ծռերի» անդամ Թորոս Թորոսյանն ու Գևորգ Իրիցյանը հայտարարեցին, որ իրենց բացակայության դեպքում թույլ չեն տալիս փաստաբաններին գտնվել դատարանում։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց նրանց համար հանրային պաշտպան ներգրավել։

«Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը պնդեց, որ իր բացակայությամբ ոչ ոք իրավունք չունի իր շահերը ներկայացնել դատարանում․ - «Երբ որ ես ներկա կգտնվեմ դատարանի դահլիճում, այն ժամանակ պաշտպանները ներկա կգտնվեն: Եթե ես ներկա չլինեմ ու իրանք ներկա լինեն դատարանի դահլիճում, այդ դեպքում ես կհրաժարվեմ»:

«Սասնա ծռերի» անդամ, ոտքի հրազենային վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի փաստաբանը հայտարարեց՝ նախորդ նիստին ոստիկանները պաշտպանյալին դատարանից հեռացրել են՝ նրա նկատմամբ բռնություն գործադրելով։ Բայց ոստիկանության արձանագրությունում, որի տակ ստորագրել է նաև Հարությունյանը, գրվել է, որ բռնություն չի կիրառվել: Պաշտպան Հայարփի Սարգսյանը պնդեց, որ Հարությունյանը չի կարդացել, թե ինչի տակ է ստորագրում:

Իսկ դատավոր Արտուշ Գաբրիելյանն այդպես էլ թույլ չտվեց Հարությունյանին պատմել ոստիկանների գործողությունների մասին։

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալներ Թաթուլ Թամրազյանը և Տիգրան Մանուկյանը հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց պաշտպան Մոնիկա Մարգարյանի ծառայություններից և առաջարկում են փաստաբան Մուշեղ Շուշանյանին ստանձնել իրենց պաշտպանությունը։ Եվ քանի որ Շուշանյանը դատարանում չէր, դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խումբը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG