Մատչելիության հղումներ

«Թուրքմենստանի նախագահն ասում է, որ մտածում է միլիարդանոց նախագծերի մասին։ Դա մեզ ոգևորում է». Սերժ Սարգսյան


«Մենք բավարարված են Թուրքմենստանի նախագահի այցի արդյունքներով», - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցություններին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում։

«Այցի ընթացքում մի շարք ուղղություններով մեր երկկողմ համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի մեծ փաթեթ է ստորագրվել, ընդունվել է երկու երկրների ղեկավարների Համատեղ հայտարարությունը: Պարոն նախագահի հետ մենք հատուկ ուշադրություն հատկացրեցինք առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններին: Ցավոք, գլոբալ շուկաներում անբարենպաստ իրադրությունն անդրադարձել է նաև մեր առևտրաշրջանառության վրա: Այս համատեքստում մենք քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցության խթանման, փոխգործակցության նոր հորիզոններ դուրս գալու հնարավոր ուղիները և առկա միջոցները: Հուսով ենք, որ այսօրվա պայմանավորվածությունների իրագործումը հնարավորություն կտա շտկել իրավիճակը», - ասել է նախագահը:

Սարգսյանը նշել է, որ կողմերը միակարծիք ենք այն հարցում, որ տնտեսական համագործակցությունը պետք է հարստացվի համատեղ նախագծերով, կոոպերացիաներով՝ նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա հատուկ շեշտադրմամբ:

«Կարծում ենք, որ գործող Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը արդյունավետորեն առաջ կմղի երկկողմ առևտրային կապերի ամբողջ համալիրը, կօժանդակի դրանց հետագա բազմազանեցմանը և նոր, հետաքրքիր ծրագրերի մեկնարկին: Տնտեսության, զբոսաշրջության և մեր երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնման համատեքստում մենք քննարկեցինք մեր մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Այս առումով մենք պատրաստ ենք տրամադրել մեր թուրքմենական բարեկամներին Հայաստանում իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում նախատեսված արտոնությունների ամբողջական փաթեթ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ անդրադարձել են նաև համագործակցության ավանդական ուղղություններին, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում:

«Պայմանավորվեցինք հետագայում ևս զարգացնել արդյունավետ փոխգործակցություն այս ոլորտում: Որոշակի հեռանկարներ են բացահայտվում նաև գյուղատնտեսության ոլորտում: Հուսով ենք, որ թուրքմեն գործընկերները կմասնակցեն Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտու գործունեությանը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք առաջ մղել մասշտաբային նախագծեր, որոնց ետևում կանգնած են ժամանակակից արտադրությունը և նոր աշխատատեղերը, ընդհանուր առմամբ՝ ազգային տնտեսությունների զարգացումը: Մեր բանակցությունների ընթացքում պարոն նախագահն ասում էր, որ ինքն արդեն մտածում է ոչ թե միլիոնանոց, այլ միլիարդանոց նախագծերի մասին: Դա մեզ ոգևորում է, և մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյաը նշել է, որ ինչպես և նախկինում, կզարգացնեն փոխգործակցությունը կրթության ոլորտում, կիրականացնեն ուսանողական և մանկավարժական փոխանակումների ծրագրեր, ինչը, անշուշտ, նպաստում է երկու երկրների միջև համագործակցության հարստացմանը:

«Իհարկե, բանակցությունների ընթացքում պատշաճ ուշադրության է արժանացել արտաքին քաղաքականության թեման: Հայաստանը և Թուրքմենստանը հաջող կերպով համագործակցում են միջազգային հարթակներում, իսկապես մոտ կամ համընկնող դիրքորոշումներ ունեն միջազգային կարևորագույն հիմնախնդիրներում: Այս համատեքստում մենք համաձայնեցինք խորացնել համագործակցությունը տարբեր բազմակողմ ձևաչափերում: Բանակցությունների ընթացքում իմ կողմից մեկ անգամ ևս վերահաստատվել է Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, մասնավորապես՝ նրանց, որոնք հավասարապես վերաբերում են ուժի և դրա սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ընդգծվել է հակամարտության գոտում իրավիճակի սրացման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը», - ասել է նախագահը՝ եզրափակելով. - «Համոզված եմ, որ այսօր ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն Հայաստանի և Թուրքմենստանի միջև իրապես բարեկամական հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG