Մատչելիության հղումներ

Վերաքննիչն ուժի մեջ թողեց Բյուրեղավանի գիշերօթիկի գործով վճիռը, քննությունը պետք է պարզի նաև «վերադաս մեղավորներին»    


Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի շենքը

Վերաքննիչ դատարանն այսօր ուժի մեջ թողեց Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենի կողմից 36 մլն դրամ յուրացնելու և սաներին խոշտանգելու գործով առաջին ատյանի դատարանի որոշումը: Ըստ առաջին ատյանի վճռի, հիշեցնենք, նախաքննական մարմինը պետք է նաև պարզի, թե վերադաս մարմնում՝ սոցապ նախարարությունում ովքեր են կատարվածի համար պատասխանատու:

Հիշեցնենք՝ 2014 թվականին լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները, նաև ՄԻՊ գրասենյակը, ահազանգեր հնչեցրին գիշերօթիկում տիրող վիճակի կապակցությամբ: Հրապարակվեցին դպրոցի աշխատակիցների ու սաների բողոքներն այն մասին, որ տնօրեն Գայանե Մարգարյանը նրանց ստիպել է լվանալ իր գորգերն ու պահածոներ փակել, իսկ տղամարդ աշխատակիցներին էլ ստիպել է իր տունը վերանորոգել:

Սաներից մեկն «Ազատությանը» պատմել էր, որ տնօրենը ծեծել է երեխաներին: Արձագանքելով քննադատությանը՝ տնօրեն Գայանե Մարգարյանն ասել էր՝ մի՞թե չի կարելի վատ վարքով առանձնացող երեխաներին մի փոքրիկ ապտակ տալ: Մարգարյանն, այդուհանդերձ, պնդել էր, թե նման բան չի եղել:

Ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի՝ անհնար է, որ վերադաս հանդիսացող սոցապ նախարարությունում այդ ամենից տեղյակ չլինեին, հատկապես այն պարագայում, երբ դպրոցի արդեն նախկին աշխատակիցները երեք տարի շարունակ բարձրաձայնել են խնդիրը, անանուն բողոքներով դիմելով հենց նախարարությանը: Մինչդեռ՝ դատական նիստերի ընթացքում սոցապ նախկին փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն ու նախարարության Ընտանիքի, կանանց, երեխաների հիմնահարցերով զբաղվող վարչության նախկին պետ Լալա Ղազարյանը չեն ընդունել չարաշահումներին տեղյակ լինելու և չարձագանքելու մասին մեղադրանքները:

«Այսինքն, այն բոլոր գործողությունները, որ մենք փորձում էինք վերագրել Ֆիլարետ Բերիկյանին, նա ասաց, որ ինքը դա միայնակ չէր կարող անել, և նախարար Արտեմ Ասատրյանն է հանձնարարական տվել, որ ինքը գնա էդ ՊՈԱԿ-ը, պարզի նամակի հեղինակին: Իրենք, որ գնացել էին հաստատություն, իրենք ոչինչ չէին պարզել, ըստ էության, չարաշահումները չէին բացահայտել, այլ փորձել էին հետաքննություն կատարել՝ պարզելու համար նամակի հեղինակին՝ վախեցնելով ուսուցիչներին»,- ասաց փաստաբանը:

Վերաքննիչ քրեական դատարան բողոք էր ներկայացրել դատախազ Վահե Դոլմազյանը: Թեև նա դատարանում փորձեց հիմնավորել, որ այս գործով որպես վկա անցնող Լալա Ղազարյանն ու Ֆիլարետ Բերիկյանը կատարվածի մասին չեն իմացել, մասնավորապես, վկայաբերելով հենց վերջիններիս դատական ցուցմունքներն այն մասին, որ գիշերօթիկի ֆինանսական հոսքերից չէին կարող տեղյակ լինել, այդուհանդերձ, վերաքննիչ ատյանը, ինչպես արդեն նշեցինք՝ ուժի մեջ թողեց առաջին ատյանի որոշումը:

Դատարանում այս գործով զբաղվող փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ թեև գիշերօթիկ դպրոցի տնօրենը փոխվել է, այդուհանդերձ, այդ հաստատությունում տիրող իրավիճակը էապես չի բարելավվել: Գիշերօթիկների ու հատուկ հաստատությունների խնդիրներն ԱԺ-ի ամբիոնից բազմիցս է ներկայացրել ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը: «Ազատության» հետ զրուցյում այսօր նա ասաց, որ սոցապ նախարարությունը պետք է միշտ վերահսկողության տակ պահի նման հաստատությունները: Հենց եթերից էլ դիմելով սոցապ նախարարին, Անահիտ Բախշյանը նշեց ․ «Պարոն Ասատրյան, աջուձախ դժգոհություն ենք լսում, ՊՈԱԿ-ի գործունեության գնահատման շատ հստակ չափորոշիչներ պիտի դրվեն, այ էդ չափորոշիչները չունենք»:

Մոտ 36 մլն դրամ յուրացնելու մեջ մեղադրվող գիշերօթիկի նախկին տնօրենը կալանավորված է, նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել հաստատության ևս երկու աշխատակցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG