Մատչելիության հղումներ

«Թուրքմենստանը վստահելի գործընկեր է». Սերժ Սարգսյան


«Թուրքմենստանը վստահելի գործընկեր է, և մենք հետաքրքրված ենք ակտիվորեն զարգացնելու մեր պետությունների միջև հարաբերությունները, ինչի համար կան բոլոր հնարավորությունները», - այսօր Հայաստանի նախագահի նստավայրում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով. - «Մենք ակտիվ շփվում ենք, և ես շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք խոսելու մեր հետագա ծրագրերի մասին»:

Թուրքմենստանի նախագահն իր հերթին նշել է, որ հոկտեմբերի 9-ին լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ ընդգծելով, որ այս տարիների ընթացքում շատ բան է արվել Թուրքմենստանի և Հայաստանի միջև և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական, և՛ մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում:

«Ամենակարևորը, ինչը և Դուք իրավացիորեն նշեցիք՝ այս այցը նոր խթան է հաղորդում մեր փոխգործակցությանը և բացահայտում է փոխհարաբերությունների զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարը: Իհարկե, այդ ամենը հանուն մեր ժողովուրդների բարօրության է», - ասել է Թուրքմենստանի նախագահը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ասել է. - «Դրանց հետ կապված մենք ձեզ միշտ շնորհակալ ենք: Դուք մշտապես աջակցություն եք ցուցաբերում չեզոքության մեր կարգավիճակին վերաբերող հարցերում: Միջազգային հարթակներում մեր կողմից առաջ քաշված հարցերը, որոնք, իհարկե, ընդհանուր հարցեր են, ինչպես օրինակ՝ ամբողջ աշխարհում կայունության և անվտանգության հաստատումը, էներգաանվտանգությանն առնչվող հարցերը, կայուն տրանսպորտի և տրանսպորտային միջանցքների զարգացմանն առնչվող հարցերը, առավել ևս, որ դրանց վերաբերյալ ընդունվել են ՄԱԿ-ի համապատասխան բանաձևեր, մենք կտեղափոխենք նաև այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ, ԱՊՀ և այլն: Դրա համար էլ մենք ճիշտ ենք վարվում, որ շարունակաբար խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ԱԳՆ-ների միջև այդ հարցերի շուրջ: Անհրաժեշտ է դրանք շարունակել:

Առևտրատնտեսական ոլորտում այսօր Թուրքմենստանը շատ մեծ ներուժ ունի: Նման ներուժ դուք ևս ունեք: Կարծում եմ, որ մենք այն կարող ենք օգտագործել տարբեր ուղղություններով: Իհարկե, դրանք առաջին հերթին առևտրին, էներգետիկային, գյուղատնտեսությանը, տեքստիլ արդյունաբերությանը, առողջապահությանը, ինչպես նաև բազմաթիվ այլ ուղղությունների առնչվող հարցերն են: Իհարկե, այստեղ հիմնական ծանրությունն ընկնում է Տնտեսական համագործակցության հարցերով մեր միջկառավարական հանձնաժողովի վրա, որն էլ պետք է հանդիսանա մեր երկրների միջև հիմնական համակարգողը:
Հումանիտար կապերի առումով մեզ շատ բան է միավորում: Մեր հարաբերությունները գալիս են դեռևս միջնադարից: Ուրախալի է, որ մենք դա այսօր շարունակում ենք և օրինակ ենք հանդիսանում մեր երկրների ապագա սերունդների համար»։

Հիշեցնենք Թուրքմենստանի նախագահը Հայաստանում է Սերժ Սարգսյանի հրավերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG