Մատչելիության հղումներ

Գյուղացիները նախ դժգոհեցին, թե ոռոգման հնարավորություն չունեն՝ նախարար Իգնատի Առաքելյանին առաջարկելով խնդրի լուծման իրենց տարբերակները՝ պետք է կա՛մ պոմպակայան կառուցել, կա՛մ էլ ջրամբար:

«Էս տարի ամբողջ հանրապետությունով ա խնդիրը: Շատ երաշտային տարի ա: Ջրամբարներն էլ չկան․․․ ծրագրերը կան, ջրամբարը դեռ չկա: Բայց Ջրպետկոմիտեն հենց հիմա նստած ծրագրում ա ամեն ինչ, որպեսզի այդ փոքր ջրամբարները կառուցենք, հորեր բացենք», - արձագանքեց նախարարը՝ հավելելով, թե նախ մասնագետները կուսումնասիրեն խնդիրը, ապա կորոշեն:

Նախարարի հետ քննարկեցին նաև առաջարկի և պահանջարկի խնդիրը: Գյուղացիները մեծ քանակությամբ կարտոֆիլ են ստանում, բայց ամբողջն իրացնել չի հաջողվում: Ի պատասխան՝ Առաքելյանն ասաց, թե նախքան բերք ստանալը պետք է մտածել այն պահպանելու մասին․ - «Մինչև էդ պահպանման հարցը չլուծեք, դուք ոնց որ միշտ ընկնում եք կրակը էդ բերքի ձեռը: Իմ կարծիքով, որպես նախարարություն մենք գտնում ենք, որ սպառման հարցը լուծելու համար առաջին հերթին պիտի ունենանք էդ ամբարները, սառնարանային տնտեսությունները, որ իմանանք՝ ապրանքը ստացանք, չխառնվենք իրար, պահեստավորենք: Հետո նոր ստեղից իրացումը կկազմակերպվի»:

Գյուղացիներից մեկը թերահավատ էր բերքի իրացման հետ կապված նախարարի առաջարկած լուծումներին: Գյուղացուն հակադարձեց մարզպետ Արթուր Նալբանդյանը, ում կարծիքով, որակյալ բերք և խելամիտ գին առաջարկելու դեպքում սպառման խնդիրներ հազիվ թե լինեն:

Հողագործությամբ զբաղվող գյուղացիները իրենց ստացած բերքը ներկայացնելուց հետո, խոսեցին բերքի մշակման գյուղտեխնիկայի անհրաժեշտության մասին, ինչի առկայության դեպքում առավել արդյունավետ կաշխատեն: Նմանատիպ առաջարկներին նախարարը միայն ասաց, թե ցանկության դեպքում դրանք հնարավոր է ձեռք բերել լիզինգային տարբերակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG