Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանն այսօր որոշեց հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովին տնային կալանքի ենթարկել մինչև հոկտեմբերի 19-ը: Դատարանի որոշմամբ՝ նա իրավունք չունի դուրս գալ բնակարանից, օգտվել ինտերնետից, հեռխոսից, փոստից:

Ռեժիսորի փաստաբանն ասել է, որ կբողոքարկի դատարանի այդ որոշումը: Դատարանի շենքի մոտ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել՝ բողոքելու հայտնի ռեժիսորի ձերբակալության դեմ: Ռուսաստանի քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Կիրիլ Սերեբրեննիկովին ձերբակալել են 68 միլիոն ռուբլու յուրացման կասկածանքով, իբր նա գումարները ստացել էր, բայց նախատեսված բեմադրությունները չի իրականացրել:

Այսօրվա ցույցի մասնակիցներից մեկը պնդել է, որ դա աբսուրդ է, քանի որ ինքն անձամբ դիտել է ներկայացումը, որն ըստ քննիչների չի իրականացվել: Կիրիլ Սերեբրեննիկովն իր դեմ հարուցված գործը «կատարյալ աբսուդ» է համարել:

47-ամյա ռեժիսորը օգոստոսի 22-ին ձերբակալվել էր Սանկտ-Պետերբուրգում և տեղափոխվել Մոսկվա: Նրա աղմկալից ձերբակալությունը ընդդիմությունը կապում է 2018-ի մարտին կայանալիք նախագահական ընտրությունների հետ, որպեսզի ռուս մտավորականությունը պաշտպանի Վլադիմիր Պուտինի՝ չորրորդ անգամ առաջադրվելը: Մասնավորապես՝ նման կարծիք է հայտնել Ալեքսեյ Նավալնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG