Մատչելիության հղումներ

Նոր Կյանքի համայնքապետը փորձում է դատական կարգով վեր հանել «նախկինում կատարված չարաշահումները»


Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը (աջից) և նրա փաստաբան Ռուստամ Բադասյանը, 23-ը օգոստոսի, 2017 թ․

Համայնքի նախկին ղեկավարը կտրականապես մերժում է չարաշահումների մասին պնդումները:

Նոր Կյանք համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամ Գարիկ Սարգսյանը դատական գործընթաց է սկսում՝ ընդդեմ համայնքի ավագանու նախկին որոշումների։ Սարգսյանի ներկայացրած երկու հայցերով պնդվում է, որ դեռ 2004 թվականին ավագանու կազմած արձանագրությամբ օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ՝ արդյունքում բաժին հասնելով նախկին գյուղապետի ընտանիքի անդամներին։

Գործող համայնքապետն ասում է, որ այս հարցով զրուցել է նախկին ղեկավարի՝ իշխող Հանրապետական կուսակցության անդամ Մայիս Աբրահամյանի հետ, բայց վերջինս կտրուկ հրաժարվել է հետ վերադարձնել նշված հողատարածքները։ «Հողատարածքը պատկանել է համայնքին, օտրավել է աճուրդ-վաճառքով, հողի կադաստրային արժեքի 30 տոկոսով, գնել է իր կինը, մյուս մեծ հողակտորն էլ իր աղջկա անունով է, աճուրդով վաճառված մեքենան էլ գնել է իր տղան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նոր Կյանք համայնքի ղեկավարը:

Երիտասարդ գյուղապետը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի հոկտեմբերից, շեշտում է՝ պայքարելու է համայնքային սեփականությունը վերադարձնելու համար։ Նրա փաստաբան Ռուստամ Բադասյանի խոսքով էլ՝ հողերն օտարելու մասին որոշման արձանագրությունը, որի տակ ստորագրել են ավագանու անդամները, կարող է կեղծված լինել։ Եվ իրենք այժմ «ողջամիտ կասկածներ» ունեն, որ այդ, նաև այլ որոշումների տակ դրված ստորագրությունները չեն պատկանում ավագանու անդամներին:

Այս հարցով համայնքի ղեկավարն արդեն դիմել է ոստիկանություն։ Իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացրած գյուղապետը պնդում է՝ զրուցել է ավագանու անդամներից մեկի հետ, ով հաստատել է, որ 2016 թվականից առաջ կազմված արձանագրություններում իր անվամբ դրված ստորագրությունն իրենը չէ։ Սարգսյանի փաստաբանը կասկածներ ունի, որ ավագանու այլ անդամների ստորագրություններն էլ կարող են կեղծված լինել:

«Սա անձնական խնդիր չէ, այլ իրավական ճանապարհով արդարությունը վերականգնելու հարց»,- պնդում է Գարիկ Սարգսյանը։ Մինչդեռ, Նոր Կյանքը 16 տարի ղեկավարած Մայիս Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում հակադարձում է՝ հողատարածքների օտարման որոշումը եղել է օրինական, և նոր գյուղապետն արատավորում է իր անունը։

«2004 թվականին եղել ա մրցույթ, մրցույթին շահել ա իմ կինը և ինքն ա գնել էդ հողը: Եվ թող Գարիկ Սարգսյանը իմանա, որ եթե մի ստորակետ էլ պակաս լիներ, հաստատ համոզված եղեք, որ կադաստրը դոկումենտը չէր ընդունի: Սեփականության վկայականը եթե կադաստրը տվել ա, ուրեմն ամեն ինչն օրինական անցել ա: Էդ ո՞նց ա, որ մենակ իմ կնոջ անունն ա շոշափում, ընդեղ էլի մարդիկ են գնել, թող նրանց մասին էլ խոսա»,- ասաց նախկին գյուղապետը: Նրա պնդմամբ՝ կեղծված ստորագրություններ չկան, եթե 2004-ի և 2017-ի ստորագրությունների միջև գծիկի տարբերություն կա, դա դեռ չի խոսում կեղծ լինելու մասին։

Մայիս Աբրահամյանն այժմ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն է, նա ասում է, թե կարող է ապացուցել, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում: Մինչդեռ համայնքի ներկայիս ղեկավարը պնդում է՝ չարաշահումներն այսքանով չեն ավարտվում․ գումարների յուրացումներն են եղել նաև մանկապարտեզում։ Գարիկ Սարգսյանը չի բացառում, որ հետագայում կլինեն նոր բացահայտումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG