Մատչելիության հղումներ

Թուրքիա - ԵԱՏՄ մաքսային համաձայնագիրը «ձեռնտու չէ Հայաստանին»


Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Հայաստանին ձեռնտու չէ, որ Թուրքիան մաքսային համաձայնագիր ստորագրի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ:

Նրա խոսքով, եթե Թուրքիայի նպատակները լուրջ են, Հայաստանը պետք է օգտագործի վետոի իրավունքը՝ թույլ չտալու նման համաձայնագրի ստորագրումը։ ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու ծրագրերի մասին անցած շաբաթավերջին, ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին։

«Մեզ առաջարկվել է, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի Եվրասիական տնտեսական միության հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու հարցով՝ չխախտելով համապատասխան համաձայնագիրը ԵՄ-ի հետ», - ասել է Զեյբեկչին:

Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է 2015 թվականի հունվարի 2-ից։ Կազմակերպությանն անդամակցում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։

«Իրենք եթե նույնիսկ լուրջ գնան-ինտեգրվեն Ռուսաստանի այդ մաքսային համակարգի մեջ, իրենք կդնեն այդ խնդիրը, որ [հայ-թուրքական] սահմանը չպետք է բացվի: Էդ դեպքում ընդհանրապես մեզ պետք չի, որ Թուրքիան գա: Ավելին ասեմ․ նույնիսկ էս իրավիճակը Թուրքիան կփորձի օգտագործել Ղարաբաղի հարցում՝ ի օգուտ Ադրբեջանի: Կասեն՝ լավ, նույնիսկ եթե մենք համաձայնվենք, ուրեմն դուք պետք է տարածքները հանձնեք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետի խոսքով, եթե անգամ Թուրքիան համաձայնի հայ-թուրքական սահմանը բացել մաքսային պայմանագիրը կնքելուց անմիջապես հետո, այդ դեպքում էլ պետք է հաշվարկել՝ դա շահավե՞տ է Հայաստանի համար, թե՞ ոչ: Թուրքիան, հիշեցնենք, փակել է Հայաստանի հետ սահմանը 1993-ից:

«Թուրքիայի տնտեսությունը իրոք մի գլուխ ավելի զարգացած է ռուսականից, հայաստանյան մեր տնտեսությունից: Դա մեծ գաղտնիք չի: Ու ակնհայտ է, եթե իրենք հավասարը հավասարին մտնեն մեր շուկա, Ռուսաստանի շուկա, կներեք, էն փոքր շուկան, որ դեռ կա Հայաստանի ապրանքների համար Ռուսաստանում, էդ էլ կփակվի», - կանխատեսեց Գրիգորյանը:

Նա, այնուհանդերձ, կարծում է, որ խոսելով ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի մասին, Թուրքիան շանտաժ է անում․ - «Որ նայեք՝ դուք մեր նկատմամբ վատ եք, մենք էլ կգնանք դեպի Ռուսաստան: Դա դասական շանտաժ է: Մի կողմից, Թուրքիան ինչ ուզում ա, ուզում ա անել, մյուս կողմից՝ Եվրամիության հետ աշխատել: Պարզ ա, Եվրամիությունը դա չի հանդուրժի»:

Քաղաքագետի խոսքով, եթե Թուրքիան իսկապես ցանկանա ազատ առեւտրի մասին համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ, պետք է հրաժարվի ԵՄ-ի հետ նույնանման համաձայնագրից․ - «Էդ երկու համակարգերը չեն բռնում իրար․ ռուսական կոռուպցիայով լի համակարգը այն համակարգի հետ, որը ձևավորվեց Եվրամիության շրջանակներում»:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե առանց ԵՏՄ անդամակցության Թուրքիայի չի կարող միանալ մաքսային համաձայնագրին․ - «Դա կարող էր լինել 3-4 տարի առաջ, երբ որ Մաքսային միությունը գործում էր առանց Եվրասիական միության ձևավորված քաղաքական էլեմենտների: Այսօր դա անհնար է»:

Հովհաննես Իգիթյան
Հովհաննես Իգիթյան

Իգիթյանը Թուրքիայի էկոնոկիկայի նախարարի հայտարարությունը ցուցադրական է որակում․ - «Առաջին հերթին դա ուրիշներին ցույց տալու համար է: Ռուսաստանը ուզում է ցույց տալ աշխարհին, որ ահա նայեք՝ ինչպիսի հզոր պետություն եմ, որ Թուրքիայի նման, ձեր դաշնակից թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, պոկում եմ, և լոլիկների, այլ տնտեսական բարիքների համար դարձնում եմ իմ դաշնակից երկիր: Թուրքիան ցույց է տալիս Եվրոպային, որ ահա նայեք՝ եթե դուք ձեզ այդպես պահե․․․ Թուրքիան չգիտեմ ինչու համարում է, որ Եվրոպան արդար չի վարվում իր հետ, դանդաղեցնում է Թուրքիայի անդամակցության հարցը Եվրամիությանը, որովհետև դա մահմեդական երկիր է: Բայց ուշադրություն չի դարձնում հիմնական գործոններին, որ ի վերջո մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների, այլախոհության հանդեպ վերաբերմունքով Թուրքիան ընդհանրապես չի համապատասխանում այն մոդելին, որը ունի Արմուտքը»:

Հովհաննես Իգիթյանը չի տեսնում ԵԱՏՄ-ի հետ Մաքսային համաձայնագիր կնքելու տրամաբանությունը: Նրա կարծիքով, տնտեսական առումով Թուրքիան կկորցնի ավելին, քան կշահի․ ԵԱՏՄ-ում միլիոնների առևտրաշրջանառության մասին է խոսքը, ԵՄ-նում՝ միլիարդների: Առավել ևս, որ Թուրքիան, Իգիթյանի խոսքով, Ռուսաստանի հետ առևտուր անելու խոչընդոտներ գրեթե չունի․ - «Խոչընդոտը միայն Պուտինի տրամադրությունն է, կամ ինչ-որ մի խփած ինքնաթիռ, կամ, ենթադրենք, տուրիստի մահ, կամ որևէ այդպիսի քաղաքական երևույթ»:

Եթե նույնիսկ այդ համաձայնագիրը ստորագրվի, Իգիթյանը կարծում է, Թուրքիան չի բացի հայ-թուրքական սահմանը․ - «Թուրքիան առաջ է բերում այն բացելու համար երկու պայման: Առաջինը Լեռնային Ղարաբաղի լուծման հետ կապված, այն էլ՝ Թուրքիայի ուզած ձևով և Ադրբեջանի շահերից ելնելով: Եվ երկրորդը՝ Ցեղասպանության հարցը: Այս երկու հարցերի լուծումը Թուրքիայի ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ որևէ ձևով կապ չունի: Այն ժամանակ նույնիսկ ավելի խոշոր բան տեղի ունեցավ» Թուրքիայի և Հայաստանի՝ Առևտրի միջազգային կազմակերպությանը անդամակցությունը, որը նաև պարտադրում է ազատ առևտուրը, նույնիսկ այդ հզոր միջազգային կազմակերպությանն անդամակցությունը որևէ ձևով չազդեց սահմանի վրա»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Արմենպրեսի» հետ զրույցում մեկնաբանելով հայտարարությունը, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքին՝ ասել էր․ - «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG