Մատչելիության հղումներ

Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, պահանջեց դատարան բերել Եղնուկյանին


«Սասնա ծռերի» անդամներից 14-ի գործով նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը և պահանջեց մյուս ամբաստանյալների հետ դատարան բերել նաև Կարո Եղնուկյանին։

Հիշեցնենք, օրեր առաջ Եղնուկյանը հայտարարել էր, որ հրաժարվում է մասնակցել դատական նիստին։ Նշենք, որ նիստերից մեկում դատավորը, ի թիվս այլոց, 10 ժամով սանկցիա էր կիրառել և դահլիճից հեռացրել էր Եղնուկյանին՝ դահլիճ շշով ջուր տանելու համար։

Ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի, սանկցիան դեռ ուժի մեջ է։ Փաստաբանի խոսքով՝ մի շարք հիվանդություններ ունեցող Եղնուկյանի համար դժվար է անմարդկային պայմաններում բանտից տեղափոխվել դատարան։

«Չկա օրենք, որ Եղնուկյանը պետք է մասնակցի դատական նիստին, նա միաժամանակ չպետք է մասնակցի նիստին, մինչև դատավորի հաշվարկած ժամը։ Դատավորը սխալ էր հաշվարկում սանկցիայի ժամը, բայց այսպիսի հաշվարկով Եղնուկյանը երեք-չորս դատական նիստ էլ չպետք է մասնակցի։ Փաստորեն, առանց օրենքի հիմնավորմամբ, հարկադրանք պետք է կիրառվի նրա նկատմամբ։ Նա հայտարարել է, որ «ես չեմ գալու», այսինքն, թե՛ քրեակատարողական հիմնարկի աշխատակազմը, թե՛ ոստիկանության ծառայակիցները պետք է ուժ գործադրեն։ Այսինքն՝ Եղնուկյանի կամքին հակառակ հարկադրանքի միջոցներ պետք է կիրառվի, նրան բերեն դատարանի շենք՝ անիմաստ և անտեղի, սա բնականաբար թե՛ անօրինակ է, թե՛ արժանապատվությունը նվաստացնող հանգամանք և անմարդկային վերաբերմունք», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը՝ նշելով, որ Եղնուկյանը նույնիսկ գրություն ուներ, որ իրավունք ունի չմասնակցելու նիստերին։

«Փաստորեն ակնհայտ է, որ դատավորը կամայական խախտում է օրենքը», - ասաց փաստաբանը։

Նշենք, որ Եղնուկյանը մեղադրվում է հուլիսին Երևանում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդելու մեջ։ Եղնուկյանը չի ընդունում մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG