Մատչելիության հղումներ

Հրդեհ Բորժոմիի անտառներում. հրդեհաշիջման աշխատանքներին միացել է նաև Հայաստանը


Ռուսաստանի առաջարկած օգնությունը Վրաստանը մերժել է։

Վրաստանի Բորժոմիի կիրճում օգոստոսի 20-ից բռնկված անտառային հրդեհները մարելու համար օգնություն են ցուցաբերում հարևան երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, իսկ Ռուսաստանի առաջարկած օգնությունը Վրաստանը մերժել է։

Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը հաղորդել է, որ օգնության համար Վրաստանը դիմել է բոլոր հարևան երկրներին և Եվրամիությանը։ Ադրբեջանը մեկ ուղղաթիռ է ուղարկել, որը միացել է հրդեհաշիջման աշխատանքներ կատարող Վրաստանի երկու ուղղաթիռներին։ Սպասվում է, որ Թուրքիայից երկու ուղղաթիռ և մեկ օդանավ կհասնի օգնության։

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ Հայաստանը ևս օգնություն է ցուցաբերում։ «Հայաստանից մի քանի հրշեջ դասակներ ճանապարհի վրա են», - երեկ ասել է Վրաստանի վարչապետը։

Ըստ Կիվիրիկաշվիլի, Ռուսաստանն օգնության պատրաստակամություն է հայտնել, բայց առկա օժանդակության պայմաններում դրա կարիքը չկա։

Նշենք, որ այսօր Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի ԱԻՆ փրկարարական շարասյունը (ընդհանուր՝ 57-հոգանոց անձնակազմով) բարեհաջող հասել է Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամաս ու տեղակայվել Ծաղվերի բնակավայրի մոտ, սատանալով համապատասխան առաջադրանք, տեղամասում իրականացրել են հետախուզություն և սկսել են հրդեհաշիջման աշխատանքները։

Բորժոմիում արդեն 12 հեկտար անտառ է այրվել։ Կրակի դեմ պայքարում են 300 հրժեջներ և Ներքին գերծերի նախարարության 500 աշխատակիցներ։ Կրակի տարածմանը նպաստում է քամին և տաք, չոր եղանակը։ Արտակարգ շտաբ է ձևավորվել, որը ղեկավարում է Վրաստանի ներքին գործերի նախարարը։

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երեկ շնորհակալություն է հայտնել բոլորին և կամավորներին խնդրել է ինքնուրույն քայլեր չձեռնարկել։ Նա հավաստիացրել է, որ բնակավայրերին վտանգ չի սպառնում։

Բորժոմիում հրդեհին մոտ ոչ միայն բնակավայրեր կան, այլ նաև չորս կիլոմետր հեռավորության վրա է անցնում Բորժոմի-Բակուրիանի 300 միլիմետրանոց գազատարը։

Վրաստանի Էներգետիկայի նախարարը հավաստիացրել է, որ համակարգին վտանգ չի սպառնում, գազատարը անխափան աշխատում է, ինչպես նաև անխափան է Բորժոմիի էլեկտրամատակարարումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG