Մատչելիության հղումներ

Սարգսյանն ու Պուտինն այսօր Սոչիում կհանդիպեն


Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում, 15-ը մարտի, 2017թ.
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում, 15-ը մարտի, 2017թ.

Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր արդեն ընդունել է Ւսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուին: Այսօր ծրագրված են Պուտինի հանդիպումները նաև Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ըստ Կրեմլի պաշտոնական կայքէջի, Պուտինն ու Սարգսյանն այսօր կքննարկեն հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Եվրասիական միության և ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարները: Կողմերը կանդրադառնան Սերժ Սարգսյանի՝ այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:

Հիշեցնենք, մարտին համատեղ հայտարարության էր ընդունվել այն մասին, որ Ռուսատսանն ու Հայաստանը մտադիր են շարունակել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը: Այսօրվա հանդիպմանն ընդառաջ ռուսաստանյան պետական գործակալությունների տարածած տեղեկանքում ընդգծված է, որ հայ - իրանական և հայ -թուրքական սահմանները վերահսկում են ռուս և հայ սահմանապահները միասին, հիշատակված են նաև հայ-ռուսական միացյալ զորախումբը, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազան:

Սարգսյան - Պուտին հանդիպման օրակարգում են նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։

Հավելենք նաև, որ վերջին շրջանում ռուսաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվել նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի շրջանմակերում Հայաստանը մտադիր է նոր համաձայնագիր կնքել Եվրամիության հետ:

Հիշեցնենք՝ օգոստոսի 21-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Ծաղկաձորում «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե Հայաստանը «հաստատակամ գնում է Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրմանը»։

Հիշեցնենք նաև, որ ավելի քան երեք տարի Եվրամիության հետ քննարկումներից հետո, 2013 թվականի սեպտեմբերին, Հայաստանը մեկ գիշերվա ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի ձեռամբ հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը։

Տարիներ անց Հայաստանը և Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրեցին մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր: Նոյեմբերի 25-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, և ակնկալվում է, որ միջոցառման ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը կստորագրեն այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG