Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան սպառնալիքներ է հնչեցնում ի պատասխան ԱՄՆ - Հարավային Կորեա զորավարժությունների


Անտեսելով Հյուսիսային Կորեայի հնչեցրած սպառնալիքները և Ռուսաստանի ու Չինաստանի հորդորները՝ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները երեկ սկսել են ամենամյա զորավարժությունները, որոնց բաղադրիչն է նաև Հարավային Կորեան ագրեսորից պաշտպանելու գործողությունների համակարգչային մոդելավորումը:

«Ազատության պահապան-2017» զորախաղերին մասնակցում է 50 հազար հարավկորեացի և 18 հազար ամերիկացի զինծառայողներ, ինչպես նաև Ավստրալիայի, Կանադայի, Կոլումբիայի, Նոր Զելանդիայի, Հոլանդիայի և Բրիտանիայի զինծառայողները:

Հյուսիսային Կորեան արդեն սպառնալիքներ է հնչեցնում․ հյուսիսկորեական բանակի գլխավոր շտաբի հայտարարությունն ընթերցվել է պետական հեռուստատեսությամբ․ - «Մեծագույն սխալ կլինի ենթադրել, թե մենք ձեռքներս ծալած կնստենք ու անտարբերությամբ կհետևենք զորավարժություններին այն դեպքում, երբ ունենք տասնամյակների ծանրագույն աշխատանքի գնով ստեղծած միջուկային զենք»:

Փհենյանն ամեն տարի այդ զորախաղերն անվանում է «Հյուսիսը գրավելու նախերգանք, որին կատաղի պատասխան կտրվի» և նկատում, որ արձագանքի առավել հավանական թիրախը ոչ այնքան Հարավային Կորեան է, որքան Ամերիկան:

Մինչդեռ, Սեուլը պնդում է, որ հենց Փհենյանի ագրեսիվ դիրքորոշումն է ստիպում ամեն տարի անցկացնել համատեղ զորախաղեր:

Կոմունիստական վարչակարգի պաշտոնաթերթի՝ «Նոդոն Սինմունի» երեկվա առաջնորդողում ասվում է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կրակի վրա յուղ են լցնում։ «Ազատության պահապան-2017» զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:

Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների առճակատմանն այսօր անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի Ժնեևի գրասենյակում:

«Թեպետ երկխոսության ուղին մնում է որպես հարցի կարգավորման տարբերակ, Միացյալ Նահանգները հաստատակամ է Հյուսիսային Կորեայից բխող սպառնալիքներին հակազդելու հարցում: Իմ նախագահի առաջնահերթությունն է Հյուսիսային Կորեայի ագրեսիայից պաշտպանել հայրենիքը, ամերիկյան տարածքները և մեր դաշնակիցներին: Դրա համար պատրաստ ենք կիրառել մեր տրամադրության տակ գտնվող բացառապես բոլոր լծակները», - նշել է զինաթափման հարցով ԱՄՆ բանագնաց Ռոբերթ Վուդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG