Ծրագրի հիմնական ֆինանսավորողը ամերիկահայ բարերար Սարգիս Սեբեջյանի ընտանիքն է: 15 տոկոսի ներդրում ունեցել է Գյումրիի քաղաքապետարանը:
Սոցիալական բնակարանները կառուցվեցին «Առդա» բարեգործական կազմակերպության միջոցով: Հիմնական շահառուները միայնակ տարեցներն են:
Ծրագրի իրականացումը հենց Գյումրիում պատահական չէր․ բարերարի կինը՝ Նունե Սեբեջյանը գյումրեցի է:
Երբ խոսք ասելու հերթը հասավ Սարգիս Սեբեջյանին, նա շատ հուզված էր․ - «Որ ինձի առիթ տվիք, որ օգնեմ մեր կարոտյալ ծերերին կամ անտուններուն: Ինձի համար ադ պարտականություն է, որ կարենամ օգնել կարիքավոր մարդկանց, որ պետք ունին»:
Սեբեջյանը հավելեց, որ սոցիալական բնակարանների շինարարությունը շարունակության կունենա․ - «Կարամ ասեմ, որ հաստատ է, որ շարունակվելու է: Ինձի համար այնքան հրճվանք է տեսնել մայրիկները, որոնք ունենան իրենց բնակարանը»:
Բարերարը վստահ է, որ իր այս ձեռնարկին կմիանան նաև ամերակահայ այլ բարերարներ․ - «Ինչ չափով որ կարողանում եմ օգնել, օգնելու եմ: Եվ ոչ թե միայն ես: Շատ համոզված եմ, որ իմ ընկերները ինձի են միանալու՝ շինելու որքան որ տուն պետք է աս քաղաքի մեջ: Ես լավ եմ իմանում ինչ կնշանակի ապրելու այդպիսի տուներու մեջ: Հայրս գաղթական էր եկել, մենք ապրում էինք ոչ թե տնակներու մեջ, բայց նման տեսակի տուներու մեջ: Ես հարուստ չեմ ծնած, ես աղքատ մարդու զավակն եմ եղել և գիտեմ ինչ կնշանակի աղքատ լինելը»:
Սոցիալական բնակարանների կառուցումը Գյումրիում տնակներից ազատվելու լավագույն ճանապարհներից մեկն է համարում քաղաքային իշխանությունը: Բնակարանները տրամադրվում են ոչ սեփականության իրավունքով: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասում է, որ շատ դժվար էր ընտրել շահառուներին, դրա համար բնակարան ստացող ընտանիքները վիճակահանությամբ որոշվեցին․ - «Ինչի՞ սոցիալական: Որովհետև մենք հասկացանք, որ տնակների մեջ կան շատ բնակվող քաղաքացիներ, գյումրեցիներ, որոնք միայնակ ծերեր են, որոնք խնամքի կարիք ունեն, որոնք էս ծանր պայմաններում ապրում են, չունեն կոմունալ հարմարություններ: Եվ հենց հանձնաժողովի միջոցով մենք բացահայտեցինք, նաև մեր բաժնի և «Առդա» կազմակերպության ներկայացուցիչների հետ, թե ում տանք այս բնակարանները: Շատ դժվար ընտրություն էր»:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ասաց, որ մի ամբողջ կյանք բնակարանի սպասած ընտանիքները վերջապես տանիք կունենան․ - «Մեր քաղաքում ևս տասնմեկ ընտանիք ստացան ծածկ իրենց գլուխներին, ստացան բնակարաններ, որոնց նրանք սպասում էին համարյա երեսուն տարի՝ մի ամբողջ կյանք: Սերունդներ են ծնվել, որոնք տուն ասելով հասկացել են դոմիկ, հիմա արդեն տուն ասելով կունենան իսկական բնակարան: Հույս ունեմ, որ շատ շուտ մենք կկարողանանք բնակարանով ապահովել բոլորին, և քաղաքի ու մարզի պատմության այս էջը կարողանանք փակել»:
Բնակարանները մասամբ կահավորված են, կա ջեռուցման համակարգ:
Սեբեջյաններն ասում են, որ սփյուռքում լավ տեղեկացված են, թե Գյումրիում ինչպիսի ծանր սոցիալական վիճակ է: