Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հարցով ռուս և ամերիկացի բանագնացների հանդիպմանը «թարմ գաղափարներ են առաջարկվել»


Ռուսաստանի նախագահի օգնական Ստանիսլավ Սուրկով (ձախից) և Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քուրթ Վոլքեր
Ռուսաստանի նախագահի օգնական Ստանիսլավ Սուրկով (ձախից) և Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քուրթ Վոլքեր

Միացյալ Նահանգները և Ռուսաստանը «թարմ գաղափարներ և նոր մոտեցումներ» են առաջարկել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար: Այս մասին հայտարարվել է երկու երկրների բանագնացների՝ Մինսկում կայացած դռնփակ հանդիպումից հետո: Մինսկում նախօրեին հանդիպել էին Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը և Ռուսաստանի նախագահի օգնական Ստանիսլավ Սուրկովը:

Վերջինս հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ հանդիպումն «օգտակար էր և կառուցողական»: «Կողմերը համամիտ են այն հարցում, որ Ուկրաինայի արևելքում առկա իրավիճակը չի կարող բավարարել ո՛չ հակամարտ կողմերին, ո՛չ կարգավորմանը սատարող արտաքին ուժերին»,- նաև ասել է Սուրկովը: Նա հայտնել է, որ պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը: Արդեն որոշել են հաջորդ հանդիպմանը քննարկվելիք թեմաները, համաձայնել են, որ խաղաղ գործընթացը թե՛ քաղաքական ճանապարհով, թե անվտանգության միջոցառումների առումով, պետք է ավելի արագ ընթանա:

2015 թվականին Մինսկում ձեռք բերված համաձայնություններն իրականացնելու համար «երկու կողմերը (ԱՄՆ և Ռուսաստան) առաջարկել են թարմ գաղափարներ ու նորարարական մոտեցումներ»- լրագրողներին ասել է ռուս բանագնացն ու ամփոփել՝ «Լավ հանդիպում էր»: Միացյալ Նահանգների բանագնաց Քուրթ Վոլքերը որևէ մեկնաբանութամբ հանդես չի եկել: Նա ուկրաինական խնդիրն այսօր քննարկում է Լիտվայում:

Իսկ վաղը՝ Օգոստոսի 23-ին Քուրթ Վոլքերը Կիևում միանալու է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսի գլխավորած պատվիրակությանը: Ոկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ պատվիրակության անդամները քննարկելու են «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վերականգնելու դիվանագիտական բանակցությունների հաջորդ քայլերը»: Այս մասին ավելի վաղ հաղորդել էր ԱՄՆ պետդեպարտամենտը:

Անցած հուլիսին Վոլքերը հարցազրույց էր տվել «Ազատության» Current Time TV ծրագրին, որի ընթացքում ասել էր, թե ԱՄՆ-ը քննարկում է Ուկրաինային զենք մատակարարելու հարցը, որպեսզի օգնի կառավարական զորքերին՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականներից պաշտպանվելու հարցում:

Քուրթ Վոլքերը Ուկրաինայի հարցով բանագնաց է նշանակվել հուլիսի 7-ին, մինչ այդ նա ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանն էր: Նախկինում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց ԱՄՆ-ն չուներ, այդ ուղղությունը համակարգում էր պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG