Մատչելիության հղումներ

Վանաձորի վթարային շենքերն ամրացնելու միջոցներ չկան, բնակիչները լքում են իրենց կացարանները


Վանաձորի Գրիբոյեդովի 6 հասցեով վթարային շենքի վերին հարկերից մեկում

1988-ի երկրաշարժից ի վեր Վանաձորի Գրիբոյեդովի 6 հասցեով վթարային շենքի բնակիչները մշտապես նույն պատասխանն են ստացել իշխանության ներկայացուցիչներից՝ շենքն ամրացնելու համար միջոցներ չկան:

Բազմահարկ շենքի բնակիչներից շատերն արդեն լքել են իրենց բնակարանները, շենքի վերին հարկերում անգամ բնակարանների պատուհաններն ու միջնապատերն են բացակայում: Թոշակառու Փիրուզ Ստեփանյանը, ով վեցերորդ հարկում է ապրում, ասում է, թե իր կացարանն անձրևից պաշտպանելու համար տանիքում դույլեր է դրել, բայց դա էլ չի օգնում: Իրենց խնդիրենրի հետ «միայնակ են մնացել», ասում է տարեց կինը: Ի դեպ, նրանց շքամուտքի 8 բնակարաններից այժմ միայն չորսն է բնակեցված:

«Մեր մասին հիշում են միայն ընտրությունից ընտրություն»,- ասում է Փիրուզ Ստեփանյանն ու հավելում՝ երկրաշարժից ի վեր շենքում ոչ մի աշխատանք չի կատարվել: Բնակիչներն ասում են՝ հազիվ իրենց օրվա հացի խնդիրն են լուծում և շենքի տանիքը սեփական միջոցներով բարեկարգելու կամ վարձով այլ բնակարան տեղափոխվելու հնարավորություն չունեն:

Կիսախարխուլ այս շենքի բնակիչները բազմիցս նամակներ են հղել թե՛ տեղական, թե՛ մարզային և թե՛ կենտրոնական իշխանություններին, անգամ վարչապետին են գրել, բայց խնդիրն այդպես էլ չի լուծվել: Բնակիչներից մեկը հեգնում է՝ իշխանության ներկայացուցիչները թող գան այս շենքի իններորդ հարկում հանգստանան, որտեղ ավերված բնակարանի տեղում ծառ է աճել:

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և համատիրությունները համակարգող բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պառավյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կառավարությունում տեղյակ են խնդրի մասին, բայց «միջոցներ չկան»: Վանաձորում այժմ 84 վթարային շենք կա, դրանց ամրացման համար, սակայն, տեղական բյուջեից որևէ հատկացում նախատեսված չէ: Ըստ քաղաքապետարանի՝ վթարային շենքերի 3280 բնակարաններից 1200-ը բնակեցված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG