Մատչելիության հղումներ

Փհենյանի հետ սուր դիմակայության ֆոնին ԱՄՆ-ն և Հարավային Կորեան զորավարժություններ են սկսել


ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինծառայողները համատեղ զորավարժություններ են անցկացնում, արխիվ

Կորեական թերակղզում գերլարված իրավիճակի ֆոնին Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան սկսել են ամենամյա համատեղ զորավարժությունները, որին միայն ամերիկյան կողմից մասնակցում է ավելի քան 17 հազար զինվոր ու սպա, իսկ Հարավային Կորեայի բանակից՝ շուրջ 50 հազար զինծառայողներ: 11-օրյա վարժանքներին, հարավկորեացի և ամերիկացի զինվորականներից բացի, մասնակցում են նաև Ավստրալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Դանիայի, Նիդերլանդների և Մեծ Բրիտանայի զինված ուժերի ներկայացուցիչները:

Թեև պաշտոնական Վաշինգտոնն ու Սեուլն ի սկզբանե պնդել են, որ վարժանքները պաշտպանական նպատակ ունեն, Հյուսիսային Կորեան խստորեն դատապարտել է զորավարժությունները՝ դրանք որակելով «պատերազմի նախապատրաստություն»: «Դա անխոհեմ քայլ է, որը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի անվերահսկելի փուլի»,- երեկ հայտարարել է Փհենյանի պետական հեռուստաընկերությունը: CNN-ի փոխանցմամբ, Փհենյանը կրկին սպառնալիքներ է հնչեցրել, հայտարարելով, որ իր բանակը կարող է «թիրախավորել ԱՄՆ-ին ցանկացած ժամանակ, և ո՛չ Գուամը, ո՛չ Հավային Կորեան, ո՛չ էլ ԱՄՆ-ն չեն կարողանա խափանել անողոք հարվածը»։

Վաշինգտոնի և Փհենյանի միջև տասնամյակների պատմություն ունեցող լարվածությունն էլ ավելի սրվեց, երբ Հյուսիսային Կորեան սպառնաց հրթիռակոծել Խաղաղ օվկիանոսում գտնվող ամերիկյան Գուամ կղզին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմակայաններ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հակադարձեց՝ «ԱՄՆ-ի կամ դաշնակիցների վրա հարձակվելու դեպքում Հյուսիսային Կորեան կբախվի այնպիսի կրակի և ցասումի, որն աշխարհը երբևէ չի տեսել»:

Չնայած Միացյալ Նահանգների, միջազգային ողջ հանրության հորդորներին՝ Հյուսիսային Կորեան շարունակում է փորձարկումները միջուկային զենք ստանալու ուղղությամբ: Վաշինգտոնի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս ամիս Փհենյանի նկատմամբ առավել ընդարձակ պատժամիջոցներ սահմանելու մասին նոր որոշում կայացրեց: Դրանք համարվում են վերջին տասնամյակների ընթացքում որևէ երկրի դեմ սահմանված ամենախիստ պատժամիջոցները: Այդ սահմանափակումները, ըստ ՄԱԿ-ի, լրջորեն կհարվածեն Փհենյանի պետական բյուջեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG