Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Իրանը բանակցում են գազի լրացուցիչ ծավալների ներկրման շուրջ․ Իրանցի պաշտոնյա


Երևանն ու Թեհրանը բանակցում են Հայաստան մատակարարավող իրանական գազի ծավալները 2,5 անգամ մեծացնելու շուրջ, հնարավոր է՝ նոր համաձայնագրով հայկական կողմը Իրանին վճարի ոչ թե էլեկտրաէներգիայով, այլ դրամով, ինչը թույլ կտա իրանական գազը հասցնել հայաստանյան սպառողներին՝ բնակիչներին և ձեռնարկություններին:

Իրանական «Շանա» լրատվական գործակալության հետ զրույցում այս մասին օրերս հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության միջազգային համագործակցության ղեկավար Բեհզադ Բաբազադեհը՝ ներկայացնելով մի քանի այլ ուշագրավ մանրամասներ ևս: Ըստ այդմ՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով պայմանավորվածության շրջանակում Հայաստան իրանական գազի արտահանման առավելագույն ծավալը օրական 1 միլիոն խորանարդ մետրից պակաս է, և հայկական կողմն առաջարկել է ավելացնել ներկրվող իրանական գազի ծավալը, այն հասցնելով օրական մինչև 2 կամ 2,5 միլիոն խորանարդ մետրի:

Իրանի ազգային գազային ընկերությունն այժմ քննարկում է այդ առաջարկը: Իհարկե, ընկերությունը նախընտրում է ուղղակի պայմանագիր կնքել Հայաստանի հետ՝ գազի առաքման ծավալները մեծացնելու համար, որպեսզի լրացուցիչ գազի դիմաց վճարվի ուղղակիորեն, ասել է Բեհզադ Բաբազադեհը: Հարցին՝ ծրագրու՞մ եք նոր համաձայնագիր կնքել Հայաստանի հետ, նա դրական պատասխան է տվել․ «Այո, մենք քննարկումներ ենք ունեցել այդ կապակցությամբ: Իհարկե, Հայաստանը նախընտրում է ռուսական գազի զեղչված գինը, որը ցածր է և մեզ համար անընդունելի»:

Բաբազադեհը, միաժամանակ, ընդգծել է՝ Հայաստանի հետ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով համաձայնագիրը կպահպանվի: ««Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիրը ստորագրվել է Իրանի ու Հայաստանի կառավարությունների միջև, այն կպահպանվի: Բայց եթե Հայաստանը շահագրգռվածություն է ցուցաբերում Իրանից ավելի շատ գազ ստանալու հարցում, Իրանի ազգային գազային ընկերությունը, որպես գազի առևտրով զբաղվող սուբյեկտ, կցանկանար այդ հարցով առանձին համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, որպեսզի գազի արտահանման դիմաց մենք դրամ ստանանք»,- նշել է Բեհզադ Բաբազադեհը:

«Ազատությունն» այսօր գրավոր դիմել է Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին, խնդրելով պարզաբանել՝ ի՞նչ արդյունքի են հանգել նշված բանակցությունները, Հայաստանը որքա՞ն լրացուցիչ գազ է ակնկալում Իրանից և արդյո՞ք այդ գազը մատակարարավելու է հայաստանյան սպառողներին՝ բնակիչներին և ձեռնարկություններին: Նախարարի արձագանքը ստանալուն պես կհրապարակենք:

Այս ամսվա սկզբին Թեհրան կատարած այցին ընդառաջ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուշագրավ հայտարարություն արեց, նշելով, թե Հայաստանի և Վրաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա գազի տարանցման հարցը ներկայումս փորձագիտական քննարկումների փուլում է:

Իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում Սարգսյանը, մասնավորպես, նշել էր․ «Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք՝ մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության համար»:

Հայ-իրանական այս քննարկումների ֆոնին, մինչդեռ, պարզվում է Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալները նախորդ տարիներին նկատելիորեն նվազել են: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով, եթե 2012-ին Հայաստանը Իրանից ներկրել էր 488,3 միլիոն խորանարդ մետր գազ, ապա անցած տարի՝ այդ ցուցանիշը եղել է 372 միլիոն խորանարդ մետր, կամ 23,8 տոկոսով պակաս: Հայաստանը գազ է ներկրում երկու երկրից՝ Ռուսաստանից և Իրանից: Անցած տարիներին Իրանից ներկրվող գազի ծավալներն, ըստ էության, պակասեցվել են՝ հօգուտ ռուսական գազի: Եթե 2012 թվականին իրանական գազի չափաբաժինը ներկրված գազի ընդհանուր քանակության մեջ 19,8 տոկոս էր, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 16,6 տոկոս:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով, Թեհրանը նպատակ ունի առաջիկա տարիներին զբաղեցնել միջազգային գազի շուկայի առնվազն 10%-ը, ինչը ենթադրում այդ վառելիքի արտահանման ծավալների աճ: Այս առումով, ըստ իրանագետի, Թեհրանում կարևոր են համարում եվրոպական շուկան, իսկ Հայաստանը դիտարկվում է որպես այդ շուկա տանող ուղիներից մեկը:

«Հետևաբար ակնհայտ է, որ իրանական կողմը տրամադրություններ է շոշափում, հասկանալու համար, թե այդ ապահով ճանապարհը, իսկ հայկական ուղին իրոք ապահով է, ինչպիսի հնարավորություններ ունի, նաև ինչպիսի տրամադրություններ կան Հայաստանի ներսում: Եթե հաշվի առնենք նաև, որ կառուցվում է Հայաստան-Իրան երրորդ բարձավոլտ էլեկտրագիծը, ապա ակնհայտ է, որ այդ [ներկրվող գազի] ծավալները կարող են աճել 3-ից 5 անգամ»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG