Մատչելիության հղումներ

Վանաձորի մենապայքարային մարզաձևերի դպրոցի սաները ֆինանսական աջակցության դեպքում «լուրջ արդյունքներ կապահովեին»


Վանաձորի մենապայքարային մարզաձևերի դպրոցը ֆինանսական աջակցության կարիք ունի
Վանաձորի մենապայքարային մարզաձևերի դպրոցը ֆինանսական աջակցության կարիք ունի

Վանաձորի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան դպրոցի սաները թեև որոշ հաջողություններ ունեն, սակայն, շատ ավելին կանեին, եթե դպրոցը ֆինանսական լուրջ խնդիրներ չունենար: Ավելի քան 200 պատանիներ այս դպրոցում հմտանում են ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ և սուսերամարտ մարզաձևերում:

Մարզադպրոցի սաները հաջողություններ են գրանցել ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մրցաշարերում: 20-ամյա Հրայր Շահվերդյանն, օրինակ, աշխարհի ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի առաջնության 2-րդ մրցանակակիր է: Ամեն օր մարզվում է նպատակն իրականություն դարձնելու համար: «Իմ նպատակն է, որ կարենամ 2020 թվի օլիմպիական խաղերին մասնակցեմ, վարկանիշ վերցնեմ և մասնակցեմ: Լավ մարզվել ա պետք»,- ասում է Հրայրը: նրա խոսքով՝ համապատասխան և ժամանակակից մարզագույք ունենալու դեպքում մարզիկներն ավելի արագ կարող են հաջողությունների հասնել:

Մարզադպրոցի տնօրեն Արարատ Բարսեղյանն ասում է՝ տարիների ընթացքում փորձել են որոշ չափով բարվոքել մարզադպրոցի վիճակը, բայց համայնքի բյուջեից ստացած տարեկան մեկ միլիոն դրամով ավելին անել չեն կարող․ «Կուզեի, որ մարզադպրոցը կապիտալ նորոգում ստանա, կուզեի, որ ջեռուցման հետ կապված մենք խնդիր չունենայինք»:

20-ամյա մարզադպրոցում հիմնականում խորհրդային ժամանակների մարզագույքով են մարզվում: ժամանակակից գույք գնելու միջոցներ չունեն: «Ժամանակակից գույքն ու սարքավորումները շատ թանկ են, մարզադպրոցի գումարները չեն հերիքի, որ մենք նման գույք ձեռք բերենք: Մենք ընդամենը տարվա կտրվածքով մի քանի զույգ բռնցքամարտի ձեռնոց ենք ձեռք բերում և կիմոնո՝ ձյուդոիստների համար»,- ասում է Արարատ Բարսեղյանը:

Նա ցավով փաստում է՝ մարզադպրոցի սաները հաճախ չեն կարողանում մասնակցել միջազգային մրցաշարերին հենց ֆինանսական խնդիրների պատճառով․ «Մենք ունենք տարվա կտրվածքով քաղաքապետարանի կողմից հատկացված մեր բյուջեն, հենց դրա մեջ էլ պիտի տեղավորվենք»: Բարսեղյանը վստահ է՝ ֆինանսական ևբարոյական աջակցություն ունենալու դեպքում իրենց մարզիկները լուրջ առաջընթաց կունենան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG