Մատչելիության հղումներ

Գիհու անտառի վերականգնման համար հարյուրավոր տարիներ են պետք․ Բնապահպան


Ռուբեն Խաչատրյանը «Ազատության» տաղավարում, 19-ը օգոստոսի, 2017 թ․
Ռուբեն Խաչատրյանը «Ազատության» տաղավարում, 19-ը օգոստոսի, 2017 թ․

Ռուբեն Խաչատրյանի խոսքով, անգամ շատ զարգացած երկրներում հնարավոր չի լինում արագ մարել անտառային հրդեհներն ու կանխել դրանց տարածումը:

Կենդանաբանական այգու տնօրեն, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» ղեկավար Ռուբեն Խաչատրյանի խոսքով, անգամ շատ զարգացած երկրներում (այդ թվում՝ ԱՄՆ-ում) հնարավոր չի լինում արագ մարել անտառային հրդեհներն ու կանխել դրանց տարածումը:

«Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ պատասխանատու օղակները պետք է Խոսրովի անտառում բռնկված հրդեհից համապատասխան հետևություններ անեն՝ հետագայում նման իրավիճակներին ավելի պատրաստված լինելու և ավելի արդյունավետ դիմագրավելու համար: Բնապահպանի խոսքով, իրենք արդեն իսկ պատվիրել են արբանյակային լուսանկարներ՝ հրդեհի իրական ծավալների և հասցրած վնասների մասին ավելի ճշգրիտ պատկերացում կազմելու համար։ Դրա համար կպահանջվի 10 օրից մինչև մի քանի շաբաթ:

Ըստ Ռուբեն Խաչատրյանի, Խոսրովի անտառի գիհիների կորուստն անդառնալի է․ գիհու անտառի վերականգնման համար հարյուրավոր տարիներ են պետք: Վերականգնման համար կառավարությունը պետք է որոշ գործընթացներ հստակեցնի, մասնագիտական լուրջ ուսումնասիրություններ պետք է արվեն։ Հրդեհից հետո առաջ է գալու նաև հողերի էռոզիայի խնդիրը, որովհետև ողջ բուսածածկն այրված է։

Մասնագետի դիտարկմամբ՝ խնդիրներ կարող են լինել նաև որոշ կենդանատեսակների միգրացիայի հարցում, որոնք չեն մնա արգելոցում կամ կհայտնվեն անպաշտպան վիճակում։ «Այդ բոլոր խնդիրները լուրջ և երկարաժամկետ ուսումնասիրության կարիք ունեն»,- ասում է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» տնօրենը։

Ռուբեն Խաչատրյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG