«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով քրեական գործ հարուցել խորհրդային տարիներին շահագործված Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը «թալանելու» կապակցությամբ։
Նշված հատվածում հնարավոր թալանի մասին օրեր առաջ ահազանգել էր լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ «Սիվիլնեթի» կայքէջում հրապարակած իր «Երևան-Բաքու երկաթգծի Արաքսի հատվածը՝ թալանված» վերնագրով հոդվածում։ Պատգամավոր Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ այդ հրապարակման մեջ առկա տեղեկությունները վկայում են «ռազմավարական օբյեկտի գույքի հափշտակության» մասին։
«Այդ հոդվածը խոսում է այն մասին, որ ռազմավարական նշանակություն ունեցող պետական գույքը թալանվել է, և այդ հիմքով դիմել եմ գլխավոր դատախազին, որ ուսումնասիրություններ իրականացնեն, քրեկան գործ հարուցվի ու դրա շրջանակներում բացահայտվի պետական գույքի թալանման այդ ամբողջ մեխանիզմը»,- ասաց Մարուքյանը: Նրա խոսքով՝ իրավապահները պետք է նաև բացահայտեն, թե ինչ առնչություն ունեն երկաթգծի թալանի հետ իշխանության ներկայացուցիչները, և արդյո՞ք հենց տեղի իրավասու մարմինների հանցավոր անփութության հետևանք չէ կատարվածը:
«Սիվիլնեթը» սեպտեմբերի 21-ին ընդառաջ նկարահանում է «Փշալարից այս կողմ․ Հայաստան-Իրան հարաբերությունները» խորագրով ֆիլմաշար: Ստեղծագործական խմբի անդամները նկարահանումների համար այցելել են Արաքս գետի ափամերձ տարածքներ և տեսել, որ մոտ 40 կիլոմետր երկարությամբ երկաթգծից «ոչինչ չի մնացել»։ «Երկաթյա ռելսերը և ինժեներական ամբողջ համակարգն ուղղակի գոյություն չունեն»,- իր հոդվածում, մասնավորապես, գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։
Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասաց․ «Վերջին անգամ այնտեղ եղել եմ 1,5 տարի առաջ, նկատել էի, որ գնացքի գծերը չկան: Այս անգամ անցա ողջ երկայնքով, ավելի մեծ ուշադրություն դարձրի և տեսա, որ 40 կիլոմետրանոց գիծը, որը Երևան-Բաքու երկաթգծի մասն էր, ընդհանրապես գոյություն չունի»: Լրագրողը չի բացառում, որ երկաթգծի ապամոնտաժումն օրինական է եղել, ակնկալում է, որ գլխավոր դատախազությունը բոլոր հարցերին պատասխան կտա․ «Ես չեմ կարող ասել, թե որ ղեկավարի օրոք է դա քանդվել։ Պարզապես ինձ զարմացրեց այն, որ որևէ բան չի մնացել, մենք պետք է նաև հասկանանք, թե ինչ պայմաններում է դա հանվել, արդյո՞ք օրինական է եղել»։
Մինչ իրավապահները կքննեն տեղի ունեցածը՝ փորձելով փարատել հնարավոր «թալանի» հետ կապված կասկածները, խնդիրը բարձրաձայնած լրագրողը պնդում է, որ առնվազն տեղի իշխանությունները հաստատ տեղյակ են եղել կատարվածին, քանի որ «հենց Իրանի քթի տակ» և ռուսական սահմանապահների կողմից հսկվող այդ տարածքում սովորական մարդիկ դա անել չէին կարող: Հետևաբար՝ լրագրողը ենթադրում է, որ դա արել է «որևէ ընկերություն»:
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը մնալու են հավերժ թշնամիներ, և երկու երկրների միջև երբևէ հաղորդակցություն չի լինելու, նույնիսկ այդ դեպքում չէր կարելի թալանել ու վաճառել Մեղրու շրջանով՝ Արաքսի հովտով անցնող երկաթուղին, քանի որ դրանով այսօր էլ կարելի էր Ագարակից Կապան հասնել։ Ավելին, այդ երկաթուղով կարելի էր Ագարակից հասնել Հորադիզ, եթե, իհարկե, «չի ապամոնտաժվել ու թալանվել Արցախ-Իրան սահմանով անցնող ավելի քան 100 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը»,- հավելում է լրագրողը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը, որն իբր կառուցելու է Հայաստան-Իրան երկաթուղին, պետք է բացատրություն տա, թե ինչ որոշմամբ, երբ և ով է ապամոնտաժել այդ երկաթգիծը։