Լիբանանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել է, որ «երկար սպասված» ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հետ սահմանակից շրջանները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատելու նպատակով:
Միաժամանակ՝ լիբանանյան շիա մահմեդական «Հզբոլա» խմբավորումը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակի հետ համատեղ ռազմական գործողություն են սկսում սիրիական տարածքից: Լիբանանի բանակը ճշտել է, որ զինյալ խմբավորումների դեմ իր գործողությունը չի համակարգվում «Հզբոլայի» կամ սիրիական բանակի հետ:
Լիբանանի բանակի մամուլի խոսնակը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բանակն ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնի ներկայումս ծայրահեղականների կողմից վերահսկվող՝ Սիրիայի հետ սահմանամերձ շրջանները: «Լիբանանը ձգտում է վերջ տալ սահմանամերձ քաղաքների ու գյուղերի վրա տարիներով կախված սպառնալիքներին»,- ասել է խոսնակը:
Լիբանանի բանակի, «Հզբոլայի» և սիրիական բանակի հնարավոր համատեղ գործողությունը քաղաքական առումով շատ զգայուն հարց է, քանի որ Լիբանանը նշանակալից ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից, իսկ Իրանի աջակցությունը վայելող «Հզբոլա» խմբավորումը Վաշինգտոնի կողմից դիտարկվում է որպես ահաբեկչական կազմակերպություն: