Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայում տեղի ունեցած հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, կան վիրավորներ


Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ արևմտյան Տուրկու քաղաքում անհայտ անձի կողմից իրականացված դանակահարությունների հետևանքով երկու մարդ զոհվել է, առնվազն վեցը` վիրավորվել:

Առայժմ հայտնի չէ` արդյոք քաղաքի կենտրոնական Պուտորի հրապարակում տեղի ունեցած հարձակումը ահաբեկչության փորձ է, թե այլ դրդապատճառներ ունի:

Ոստիկանությունը կրակ է բացել կասկածյալի ուղղությամբ, վերջինս ձերբակալված է: Ֆինլանդիայի ողջ տարածքում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում:

«Ոստիկանությունը որոնում է Տուրկուի հանցագործության հնարավոր այլ կազմակերպիչներին», - տեղեկացրել են իրավապահները: - «Կոչ ենք անում ազգաբնակչությանը ազատել Տուրկուի կենտրոնը և զերծ մնալ այնտեղ այցելելուց»:

Ֆինլանդիայի ոստիկանությունը նաև ավելացրել է Հելսինկիի օդանավակայանի և գնացքի կայարանների հսկողությունը:

«Կառավարությունը հետևում է Տուրկու քաղաքում տեղի ունեցած զարգացումներին և շարունակվող ոստիկանական օպերացիային: Այսօր ավելի ուշ տեղի կունենա Կառավարության նիստ», - Թվիթերում գրել է Ֆինլանդիայի վարչապետ Ջուհա Սիպիլան:

Ֆինլանդիայի միջադեպը հաջորդում է նախօրեին Իսպանիայում տեղի ունեցած երկու ահաբեկչական հարձակումներին, որոնք 14 մարդու կյանք են խլել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG