Մատչելիության հղումներ

«Եթե հրթիռ արձակվի՝ մենք անմիջապես կձեռնարկենք այն վայր գցելու գործողություն»․ Մաթիս


ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիս, Վաշինգտոն, 17-ը օգոստոսի, 2017 թ.

Պեկինը և Մոսկվան Վաշինգտոնին զսպվածության կոչեր են ուղղում

Չինաստանը և Ռուսաստանը ԱՄՆ-ին հորդորում են խաղաղ եղանակով կարգավորել առճակատումը Հյուսիսային Կորեայի հետ: Պեկինն ու Մոսկվան նշում, են, որ հյուսիսկորեացիներն ու ամերիկացիները մեկը մյուսի հասցեին հետզհետե ավելի կոշտ սպառնալիքներ են հնչեցնում, և դրա հետևանքով լարվածությունը կարող է հատել «վերադարձի կետը», որից անդին իրավիճակն այլևս չի վերահսկվի:

Մոսկվան և Պեկինը հանդես են եկել առանձին հայտարարություններով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի զինվորական ղեկավարները վերահաստատեցին, որ պատրաստ են կիրառել ռազմական տարբերակն այն դեպքում, եթե Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին վերջ տալու շուրջ բանակցությունները ձախողվեն: «Եթե հրթիռ արձակվի Ճապոնիայի, Գուամի, Հարավային Կորեայի կամ Միացյալ Նահանգների ուղղությամբ, մենք անմիջապես կձեռնարկենք այն վայր գցելու գործողություն»,- ասել է Ամերիկայի պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը:

Ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Վաշինգտոնում երեկ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Մաթիսն ասել է, որ ցանկացած սադրանք Հյուսիսային Կորեայի համար կունենա չափազանց լուրջ ռազմական հետևանքներ: Այդ մեկնաբանությունը միանգամայն համահունչ է նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ եթե միջմայրացամաքային հրթիռ արձակվի Գուամի ուղղությամբ՝ «Հյուսիային Կորեան կտեսնի այնպիսի հուր ու ցասում, որն աշխարհը դեռ չի տեսել»: Փհենյանի և Վաշինգտոնի ռազմատենչ հայտարարությունները մտահոգություն են առաջացրել Պեկինում և Մոսկվայում:

«Ռազմական գործողությունը չի կարող դիտվել որպես տարբերակ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան երեկ ասել է, որ Կորեական թերակղզու հարցերը զենքի միջոցով լուծելու փորձը «կհանգեցնի զանգվածային ողբերգության և մարդկային աներևակայելի կորուստների»:

Նման տեսակետ են հայտնում նաև Պեկինում: Չինաստանի կենտրոնական զինվորական հանձնաժողովի փոխնախագահ Ֆան Չանգլոնգը Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբերի միացյալ կոմիտեի նախագահ, ծովային հետևակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդի հետ երեկ Պեկինում ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ միայն երկխոսության և խորհրդակցությունների միջոցով է հնարավոր լուծել թերակղզու խնդիրը, իսկ ռազմական գործողությունը չի կարող դիտվել որպես տարբերակ:

Ի՞նչ տեղի կունենա օգոստոսի 21-ին

Մինչդեռ, հարցը խաղաղ տարբերակով լուծելու կողմնակիցներն ահուսարսափով սպասում են օգոստոսի 21-ին՝ այդ օրը պետք է մեկնարկեն Ամերիկայի և Հարավային Կորեայի ամենամյա զորավարժությունները, որոնց ավանդաբար մասնակցում են հարավկորեացի և ամերիկացի տասնյակ հազարավոր զինծառայողներ:

Հյուսիսային Կորեան դրանք համարում է ներխուժման նախերգանք, Չինաստանը հորդորում է Փհենյանի կողմից միջուկային և հրթիռային փորձարկումները դադարեցնելու դիմաց չեղարկել զորավարժությունները: Ամերիկայի զինված ուժերի շտաբերի միացյալ կոմիտեի նախագահը երեկ ասել է, որ այդ մասին խոսք անգամ չի կարող լինել:

Ճապոնիան փորձարկում է հարձակման մասին նախազգուշացնող համակարգը

Ճապոնիայի 9 շրջաններում այս առավոտ փորձարկվել է հրթիռային գրոհի մասին բնակչությանը նախազգուշացնհող համակարգը: «Մենք համագործակցում ենք միջազգային համայնքի հետ՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումները կասեցնելու համար և միաժամանակ մեր երկրում տեղադրում ենք հատուկ ահազանգող սարքեր և հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կպաշտպանեն մեր քաղաքացիներին»,- ասել է Օկայամայի քաղաքապետարանի պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG