Մատչելիության հղումներ

Նախագահի մոտ քննարկվել են Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի նախապատրաստման և Համահայկական խորհրդի ձևավորման հարցերը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:

Համահայկական խորհրդի ձևավորման վերաբերյալ առկա հիմնական մոտեցումների և այդ մարմնի կազմավորման մեխանիզմների վերաբերյալ զեկուցել է Սահմանադրական դատարանի նախագահ, կազմակերպչական հանձնախմբի աշխատանքների համակարգման պատասխանատուներից Գագիկ Հարությունյանը: Հիշյալ մոտեցումներն ու մեխանիզմները քննարկման առարկա կդառնան սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի նիստերից մեկում:

Հաշվի առնելով համահայկական նոր կառույցի վերաբերյալ նախորդ տարիների քննարկումները՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի ձևավորման նպատակների, անդամակցության չափանիշների, 2018 թվականին կայանալիք առաջին նիստի օրակարգի և աշխատակարգի նախագծերը՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում, փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Համահայկական խորհուրդ ձևավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումը միաձայն ընդունվել էր դեռևս 2015թ. սեպտեմբերին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստում, որտեղ Հանրապետության Նախագահը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքի ու առաջիկա անելիքների շուրջ կայացած ծավալուն քննարկումներն ամփոփելով, նշել էր, որ նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձևավորելու ընդհանուր պահանջ: Նույն նիստում ձևավորվել էր կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել էր նախաձեռնել խորհրդատվությունների լայն, ներառական գործընթաց: Աշխատանքների համակարգման պատասխանատուներ էին նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը», - հիշեցնում է նախագահականը իր հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG